ԵԽ Նախարարների կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին` պատասխանել Գործողությունների ծրագրին
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ղարաբաղյան հիմնախնդրի հարցում աջակցում է կողմերին հակամարտության լուծմանն հասնելու համար: Այդ մասին այսօր Ստրասբուրգում ընթացող ԵԽՎՎ գարնանային նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարեց Անդորրայի արտգործնախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Գիլբերտ Սաբոյա Սունյեն (Gilbert Saboya Sunyé): Նշենք, որ այսօր եվրոպացի խորհրդարանականների առջև ունեցած ելույթից հետո նա ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը փոխանցեց Հայաստանին: Իսկ փոխանցման պաշտոնական արարողությունը տեղի կուննա մայիսի 16-ին:
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի խոսքով, Կոմիտեի պատվիրակությունը եղել է Հայաստանում, այնուհետև Ադրբեջանում և այցի արդյունքներով մշակվել է ԵԽ գործողությունների ծրագիր:
Ըստ նրա առավել մտահոգիչ է այն, որ Ադրբեջանը դեռևս որևէ պատասխան չի տվել ԵԽ Գործողությունների ծրագրին: «Հուսով եմ շուտով Ադրբեջանը որոշակի պատասխան կտա այդ ծրագրի վերաբերյալ ու չի խոչընդոտի դրա իրականացման հարցում», -հավելեց Անդորրայի ԱԳ նախարարը:
Նա խոսեց նաև ղարաբաղյան հակամարտության մասին և ասաց, որ այդ հարցի չլուծված լինելը մտահոգություններ է առաջացնում ԵԽ Նախարարների կոմիտեում:
Նիստում ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահին հարց տալու հնարավորություն ունեցավ ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան և հետաքրքրվեց` ինչ դիրքորոշում ունի Սունյեն փախստականների վերադարձման հարցում: Ի պատասխան պարոն Սունյեն նկատեց, որ ԵԽ նախարարների կոմիտեն «ամենայն ուշադրությամբ հետևում է երկու երկրների միջև առկա հակամարտությանը» ու դարձյալ հիշեցրեց ԵԽ Գործողությունների ծրագրի մասին, որին Ադրբեջանը դեռևս պատասխան չի տվել:
«Ես կցանկանայի կոչ անել Ադրբեջանի իշխանություններին պատասխանել Գործողությունների ծրագրին և դրանից հետո հնարավոր կլինի անցնել կոնկրետ քայլերի», -նկատեց Անդորրայի ԱԳ նախարարը: