Ջ. Մելիքյան. Աբխազական կողմը ինտրիգ է մտցնում հայ-վրացական հարաբերություններում
«Մարտի մեջ Վրաստանում ընդունվեցին սահմանադրական փոփոխությունները և դրանով նախագահի լիազորություններն ավելի հստակեցվեցին: Վրացական ընդիմությունը` Միխայիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժումը», ավելի կենտրոնացավ ապրիլի 19-ին անցկացված ակցիայի վրա, որին, ըստ իմ ունեցած տվյալների, մասնակցել է ոչ ավելի, քան 5-7 հազար մարդ»,- այսօր, անդրադառնալով Վրաստանի ներքաղաքական զարգացումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացական հարցերով փորձագետ Ջոն Մելիքյանը:
«Սա ցույց է տալիս, որ այսօրվա դրությամբ Մ. Սաակաշվիլիի կուսակցությունը կորցրել է ժողովրդի աջակցությունը և իրենց կուսակիցները, որոնք քիչ չէին նախկինում, ևս չեն մասնակցել ակցիային»,- հավելեց նա:
Բանախոսը նշեց, որ օրերս աբխազական կայքերից մեկում տեղեկատվություն էր տարածվել, իբր` Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Տրապիզոնյանը, ով նաև վրաց աբխազական պատերազմից հետո Ախազիայի ազգային հերոսի կոչում էր ստացել, պետք է մասնակցեր ՀՀ նախագահի ինաուգուրացիային: Բանախոսի կարծիքով, Վրաստանի ընդդիմության և Աբխազիայի ղեկավարության միջև կոնսենսուս կա աբխազական երկաթգծի բացման հետ կապված` Սաակաշվիլիի ընդդիմությունը և աբխազական իշխանությունները դեմ են երկաթգծի բացմանը և նրանք փորձում են արհեստական լարվածություն առաջացնել հայ-վրացական հարաբերություններում, խնդրի լուծումը ձգձգելու նպատակով:
Անդրադառնաոլով թուրք մեսխեթցիների` Սամցխե-Ջավախք վերադարձնելու և վերաբնակեցնելու խնդրին, Ջ. Մելիքյանն ընդգծեց, որ Վրաստանում ազգայնական-կրոնական տրամադրությունների աճ է նկատվում և վերադարձնելու դեպքում խնդիրներ են լինելու նաև տեղի վրացի բնակչության ու թուրք-մեսխեթցիների միջև:
«Չնայած Մ. Սաակաշվիլին Թուրքիայում նշում էր, որ վրացական կողմը պատրաստ է ընդունել վերադառնալ ցանկացողներին, բայց իրականում փաստաթղթային և այլ այնպիսի խնդիրներ են առաջացնում, ինչը նրանց վերադարձը դարձնում է գրեթե անհնար»: