Կրակոցներ Գյումրիում. «Քավոր Հարութը Մարտուն Գրիգորյանի քավորը չէ»
«Կարող եք միայն հրապարակել, որ անպատժելիություն չեմ թողնելու: Անուններ, ձերբակալվածներ չեմ կարող ասել, զբաղվում են, աշխատում են: Բայց ասեմ՝ իմ օրոք նման բան չի լինելու», -մեկնաբանելով Գյումրիում հնչած կրակոցների մասին լուրը «ԳԱԼԱ»-ին ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Նույն լրատվամիջոցը տեղեկացրել է, որ Գյումրիում հնչած կրակոցներից հետո երկու անձինք տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Նրանց վիճակը ծանր է և ըստ բժիշկների` նրանց կյանքին վտանգ է սպառնում: Ըստ «ԳԱԼԱ»-ի, կրակոցներն հնչել են Շիրակացի փողոցում ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի քավորի տանը, ով հայտնի է Քավոր Հարութ մականվամբ, և կրակել են Շեկոյի վրա:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի օգնականը, սակայն հերքեց այն, որ Քավոր Հարութը Մարտուն Գրիգորյանի քավորն է: «Մարտուն Գրիգորյանի քավորը գտնվում է Ամերիկայում, և Քավոր Հարութը, որի մասին գրում են, պատգամավորի քավորը չէ»,-փոխանցեց նա:
«ԳԱԼԱ»-ն նաև տեղեկացրեց, որ ստացած վնասվածքներից հիվանդանոցում «Շեկո» մականունով քաղաքացին մահացել է:
Նախորդող լուր. Գյումրիում կրակոցներ են հնչել