ԳԱԱ տարեկան ժողով. Մտածեք գիտնականների մասին
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում աշխատում է 4021 մարդ, որոնց 29 տոկոսը մինչև 35 տարեկան են, 26 տոկոսը՝ 35-55 տարեկան, 45 տոկոսը՝ 55-ից բարձր: ԳԱԱ տարեկան ժողովի ընթացքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը երիտասարդ աշխատողների թիվը ներկայացնելիս ասաց՝ «վատ չէ», իսկ ահա միջին տարիքի աշխատողների թիվը մտահոգության տեղիք է տալիս. «Սա է հիմնական մտահոգությունը»: «1990-ական թվականների երիտասարդ սերունդը պետք է այսօրվա միջին սերունդը կազմեր: Սակայն այդ տարիների դժվարությունների պատճառով շատերը չեկան գիտության ասպարեզ՝ մի մասը հեռացավ, մյուս մասն էլ այլ աշխատանք էր անում»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ առաջնային խնդիրներից է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ միջին սերնդի համար, քանի որ հիմնական քաշող ուժը հենց նրանք են, որոնց շուրջ պետք է համախմբվեն երիտասարդ գիտնականները՝ արդյունքի հասնելու համար:
Ընդհանրապես, ըստ ԳԱԱ նախագահի, աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու, արդյունքներն ավելի գոհացուցիչ լինելու, միջազգային ծրագրերին մասնակցելու համար անհրաժեշտ է արդիականացնել ԳԱԱ ինստիտուտների գիտահետազոտական բազան: Նա դիմեց ժողովին ներկա երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին. «Խնդրում ենք հնարավորություն ստեղծել նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների համար»: Նրա խոսքով, վերջին երկու տասնամյակների ընթացքում միայն տարբեր միջազգային ծրագրերի շնորհիվ են կարողացել որևէ սարքավորում ձեռք բերել:
Ռ. Մարտիրոսյանը բարձրաձայնեց նաև ԳԱԱ ինստիտուտների վերանորոգման անհրաժեշտության հարցը. ԳԱԱ շենքները գտնվում են պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում, իսկ վերջինս ոչ մի աջակցություն, ըստ ԳԱԱ նախագահի, ցույց չի տալիս:
Ռադիկ Մարտիրոսյանը խոսեց նաև ԳԱԱ աշխատողների աշխատավարձի մասին. համակարգի աշխատողների ամսեկան միջին աշխատավարձը մեկ մարդու հաշվով, առանց արտաբյուջետային միջոցների, կազմում է 76,5 հազար դրամ, իսկ նրանք, ովքեր ներգրավված են նաև միջազգային ծրագրերում, միջին աշխատավարձը հասնում է 100 հազար դրամի:
Համակարգի աշխատողները, ովքեր ելույթ ունեցան ժողովի ընթացքում, նույն դժգոհությունն էին արտահայտում, որ իրենց աշխատավաձրը ցածր է, ընդհանարապես՝ գիտության ոլորտի ֆինանսավորումը քիչ է, ինչն էլ բերում է նրան, որ Հայաստանի գիտական ներուժը լքում է երկիրը:
«Կորցնում ենք մեր գիտական ներուժը»,- իր ելույթում ասաց ԳԱԱ թղթակից անդամ Գևորգ Պողոսյանը: ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատողներից մեկն էլ իր խոսքում նշեց, որ պետք է գնահատեն գիտնականներին, այլապես հետագայում Հայաստանի կկանգնի խնդրի առաջ: «Մտածեք գիտնականների մասին: Դա անհրաժեշտություն է»,- դիմելով երկրի ղեկավարին՝ ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա