Հ. Ալվրցյան. Հայոց ցեղասպանության հարցը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքար
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեր անելիքները Հայաստանում լավ չենք հասկանում՝ թե՛ պետականորեն, թե՛ նեղ մասնագետների մակարդակով: Ցեղասպանության ճանաչման քաղաքական խնդիրը լավ չի ընկալվում, զգացմունքային, զգայական և գիտական մակարդակից դեռևս այն կողմ չի անցնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդրին, նման տեսակետ հայտնեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը:
Նրա համոզմամբ, հայ-թուրքական արձանագրություններից հետո փաստացի կասեցվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, քանի որ Հայաստանի իշխանությունները ստորագրելով արձանագրությունները, ըստ քաղաքագետի, համաձայնություն տվեցին, որ պատրաստ են ենթահանձնախմբի մակարդակով քննարկել ցեղասպանության հարցը:
«Ո՞ւմ ենք մեղադրում, երբ մենք այդպիսի արձանագրություններ ենք ստորագրել: Ցեղասպանության դատապարտում նախ նշանակում է հարցի ճանաչում: Սփյուռքում քանի տարի է հանձնախմբեր են աշխատում, պատրաստում են փաստաթղթեր, միջազգային իրավունքի տեսակետից ամրապնդում հարցի քաղաքական և իրավական հիմքը, սակայն Հայաստանում պետականորեն ես այդպիսի բան չեմ տեսնում»,- ընդգծեց բանախոսը:
Քաղաքագետի համոզմամբ, Հայոց ցեղասպանության հարցը պետք է դառնա, Հայաստանի, հայոց պետականության արտաքին քաղաքականության անկյունաքար:
«Աշխարհը մեզ լավ չի հասկանում՝ ի՞նչ եք ուզում: Մի կողմից ցեղասպանության ճանաչման մասին եք խոսում, մի կողմից լոբբինգ եք ծավալում, մյուս կողմից թուրքերի հետ համաձայնվում եք հարցը տեղափոխել մասնագետների քննարկման մակարդակ: Ուրեմն սա նշանակում է, որ հայոց պետականության կողմից հարցը չի ընկալվել»,- ասաց Հ. Ալվրցյանը:
Նա նաև հավելեց, թե որքան էլ ցանկալի է տերությունների կողմից ցեղասպանության փաստի ճանաչումը, միևնույն է, հարցի լուծումը գտնվում է Թուրքիայում, իսկ թուրք ժողովուրդը, ըստ բանախոսի, շատ լավ էլ տեղյակ է ցեղասպանության մասին: Քաղաքագետը կարևորեց թուրք մտավորականության հետ համատեղ աշխատանքը, ինչպես նաև հենց Թուրքիայում ապրող, ըստ բանախոսի, մոտ 2 մլն ծպտյալ հայության հետ կապերի հաստատումն ու նրանց խնդիրների բարձրաձայնումը: