Գ. Մելքոնյան. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անկասելի է
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անկասելի է: Ե՛վ թուրքական, և՛ ադրբեջանական իշխանությունների համատեղ ջանքերը անել ամեն ինչ, որպեսզի ցեղասպանության ճանաչման պրոցեսը դադարի, հաջողություն չեն ունենալու, ինչի մասին նշում են հենց թուրք մտավորականները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, նշեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներն արդեն իսկ անհանգստացնում են թուրքական իշխանություններին, ինչի վկայությունն է թուրքակական կառավարության որոշմամբ ստեղծված և փոխվարչապետի կողմից համակարգվող մարմինը, որը նպատակ ունի վիժեցնել այդ միջոցառումները և ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Սփյուռքի անելիքներին, պատմաբանը համոզմունք հայտնեց, որ չպետք է թույլ տալ, որպեսզի պետությունները օգտագործեն Հայոց ցեղասպանությունը զուտ որպես Թուրքիայի վրա ճնշում կիրառելու գործոն, որի արդյունքում նրանք դիվիդենտներ են ստանում:
«Մենք ինքներս պետք է նախաձեռնենք ցեղասպանության ճանաչման գործընթացը: Հայոց ցեղասպանոթյան ճանաչման գործընթացում կարևոր դեր ունի ժողովրդական դիվանագիտությունը: Մենք պետք է կապ հաստատենք թուրք ժողովրդի և մտավորականության հետ, քանի թուրքերը պետական պրոպագանդայի ազդեցության տակ ունեն աղոտ պատկերացումներ, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,- նշեց բանախոսը:
Պատմաբանը կարևորեց նաև ցեղասպանության զոհերի և բռնագաղթվածների միասնական տվյալների բազայի ստեղծումը, ինչն անհրաժեշտ է հստակ գնահատելու համար ցեղասպանության հետևանքները: Գ. Մելքոնյանը անհրաժեշտ համարեց նաև ցեղասպանության մասին օտարալեզու գրականության տպագրությունն ու տարածումը:
«Այս երեք կարևոր խնդիրները՝ ժողովրդական դիվանագիտությունը, օտարալեզու գրքերի տպագրությունն ու միջազգային կառույցներում ակտիվ գործունեությունը պետք է դառնա մեր պետության և Սփյուռքի միասնական աշխատանքի արդյունքը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ»,- ընդգծեց Գևորգ Մելքոնյանը: