Վարդանիկի եղբոր որդին Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել
Գյումրիում այսօր տեղի ունեցած հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Բագրատաշենի սահմանային անցակետից, ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը:
Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, նախաքննությունը շարունակվում է:
Կոլյա Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի (Վարդանիկ) եղբոր որդին է:
Գյումրիում այսօր տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին նոր մանրամասներ են հաղորդվում. Մասնավորապես, «ԳԱԼԱ»-ն տեղեկացնում է, որ ուղիղ 20 րոպե Գյումրու կենտրոնում կրակել են: «Կրակում էին Քավոր Հարութի տան ուղղությամբ, այնքան ժամանակ, մինչև որ Հարութը դուրս եկավ տանից, նա զանգահարել, տեղյակ էր պահել նաև Շեկոյին: Նրանց վրա կրակելուց հետո հեռացան, որից հետո եկան ոստիկանները», - լրատվամիջոցին պատմել են բնակիչները:
Ըստ որոշ տեղեկությունների, սա Ղուկասյաններ-Գրիգորյան (Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյան) հակամարտության շարունակությունն է:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ոստիկանության պաշտոնական հաղորդագրությանը, տեղեկացրել էր, որ այսօր Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում՝ Շիրակացիում, Ժամը 13.00-ի սահմաններում, հնչած կրակոցներից հետո Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) և Արտյոմ Կարապետյանը (Շեկո մականունով): Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ` հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ: