Հանձին ԲՀԿ-ի՝ ընդդիմությունը ցանկանում է «օլիգարխիկ» հեղափոխություն անել
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ «Голос Армении»-ն գրում է. «Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ինքն անձամբ է պատասխանատվություն կրում մայիսյան ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության համար, սակայն միևնույն ժամանակ ԲՀԿ-ն այդպես էլ պատասխան չի տալիս, թե ով կդառնա Երևանի քաղաքապետը, եթե իրենք հաղթեն ավագանու ընտրություններում»: ԲՀԿ-ի ընտրացուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը բոլորից շատ է խոսում այն մասին, որ բոլոր խնդիրների պատճառը ՀՀԿ-ի կողմից իշխանության մոնոպոլիզացիան է, սակայն այդ նույն Օսկանյանի կուսակցությունն ի տարբերություն մյուսների՝ ամենևին էլ չի հայտարարում, թե իրենց հաղթանակի դեպքում քաղաքապետ կդառնա նախկին արտգործնախարարը:
«ԲՀԿ-ի առաջնորդը չի հայտարարել և չի խոստացել, որ ընտրություններից հետո չի համագործակցելու իշխանության կուսակցության հետ, ավելին` Գ. Ծառուկյանը հրաժարվել է ստորագրել ՀՅԴ-ի կողմից առաջարկված համաձայնագիրը, ըստ որի` ընտրություններից հետո ԲՀԿ-ն պետք է համագործակցեր ընդդիմադիր կուսակցությունների հետ: Այս ամենի համատեքստում տրամաբանական հարց է ծագում. «Իսկ ո՞վ ասաց, որ եթե նույնիսկ ՀՀԿ-ն զբաղեցնի երկրորդ տեղը, ԲՀԿ-ն չի օժանդակի վերջինիս ՀՀԿ-ական քաղաքապետ ընտրելու հարցում»»,-գրում է «ГА»-ն` նկատելով, որ այսօր ընդդիմադիր ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, ըստ էության, օլիգարխի կուսակցության սպասարկուի դեր են խաղում: «Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հաճույքով հրամցնում է իր լսարանին հեքիաթներն այն մասին, որ օլիգարխի կուսակցությունը շատ գեղեցիկ ձևով բուրժուական հեղափոխություն կիրականացնի, այնինչ, իրականում, Տեր-Պետրոսյանի առաջարկը հետևյալն է. օլիգարխի կուսակցությունը խլում է իշխանությունը երկրի նախագահի ձեռքից, և օլիգարխները սկսում են քաղաքական օրակարգ թելադրել»,-գրում է թերթը: