Իրանի Մեջլիսի փոխնախագահը՝ թուրքերին. «Հայերի արյամբ շաղախվածի ձեռքը այսօր Սիրիայի ժողովրդի արյամբ է շաղախվում»
Հայերի արյամբ շաղախվածի ձեռքն այսօր Սիրիայի ժողովրդի արյամբ է շաղախվում:
Այդ մասին իրանահայ համայնքի «ԱԼԻՔ» օրաթերթի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Հասան Աբութորաբի Ֆարդը:
Համաձայն տեղեկատվության՝ Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի («ՀՈՒՍԿ») նախաձեռնութեամբ՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի ծրագրերի շրջանակներում Հայ ակումբի սրահում կազմակերպված «Անպատիժ մնացած ոճրագործություն» խորագրով միջոցառման ժամանակ ԻԻՀ Մեջլիսի փոխնախագահը, հիշատակելով ցեղասպանության ժամանակ զոհ գնացած հայերին և ասորիներին, մասնավորապես նշել է. «Եթե զինվորական, քաղաքական ուժը և հարստությունը չմիաձուլվեն մարդկային ու աստվածային վեհ արժեքներով, ապա կհանգեցնեն մեր քրիստոնյա քույրերի ու եղբայրների ցեղասպանության նման սոսկալի ոճրագործութիւնների: Նրանք, որոնց ձեռքը երեկ շաղախվել էր հայերի արյամբ, այսօր Սիրիայում շաղախվել է մեր քույրերի ու եղբայրների արյամբ»:
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ԻԻՀ Մեջլիսում հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը, ով իր խոսքում հույս է հայտնել, որ Իրանը պաշտոնապես կճանաչի ու կդատապարտի Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկանը (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստանը (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Նախորդող հրապարակում՝ Հայոց ցեղասպանության հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան