Խոստանում են Թամանյանի նախագծած շենքը առանց փոփոխելու հյուրանոց դարձնել
Երևանի Պուշկինի 25 հացեում գտնվող Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքը հյուրանոց է դառնալու: Էսքիզային նախագիծն արդեն պատրաստ է, պետք է հաստատվի մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի ու քաղաքապետարանի քաղաքաշինական հանձնաժողովի կողմից: Նախագծի հեղինակն է ճարտարապետ Լևոն Վարդանյանը:
Panorama.am-ի հետ զրույցում ճարտարապետը վստահեցրեց, որ Թամանյանի նախագծած շենքը արտաքինից որևէ փոփոխության չի ենթարկվելու: Կառավարության 2011թ. մայիսի 5-ին կայացված որոշմամբ պետք է շենքի վրա ևս մեկ հարկ կառուցվեր ու նոր լիներ մանսարդան: «Մենք դեմ էինք դրան: Նախագիծ կազմեցի, տարանք մշակույթի նախարարություն, քաղաքապետարան, հաստատվեց որոշ փոփոխություններով, այնուհետև դիմեցինք մշակույթի նախարարությանը, որ կառավարության որոշումը փոփոխվի: Այդպես էլ եղավ ու Թամանյանի նախագծած շենքը կլինի այնպես, ինչպես եղել է»,- ասաց Լ. Վարդանյանը` հավելելով, որ մանսարդ տանիքին կլինի բացօթյա սրճարան:
Հիշեցնենք, որ կառավարության «577 – Ն» որոշմամբ (5 Մայիս, 2011) Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը, որտեղ երկար տարիների արտակարգ իրավիճակների նախարարությունն է տեղակայված եղել, տրվել է «ԼԵՎ ԸՆԴ ԴԱՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին, որի փոխարեն ընկերությունը պարտավորվել է Դավթաշենքում 9 հարկանի շենք կառուցել ԱԻՆ-ի համար: Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը 2004 թվականից կառավարության որոշմամբ ընդգրկված է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում (N:56):
Լ. Վարդանյանի խոսքով, նախ պետք է ամրացման աշխատանքներ տարվեն, քանի որ բավականին վատ վիճակում է գտնվում շենքը: Նախապես շենքը նախագծվել է որպես բնակելի շենք, այնուհետև այնտեղ տեղակայվել է Բրյուսովի անվան համալսարանը, որոշ ժամանակ գրասենյակային տարածքներ են եղել շենքում, այսինքն շենքի ֆունկցիան, ըստ ճարտարապետի, անընդհատ փոխվել է: «Մենք ենք պնդել, որ այդպիսի ֆունկցիա ունենա: Ամբողջ կենտրոնում կյանքը ակտիվացնելու համար պետք է հասարկական ֆունկցիա ունեցող շինություններ լինեին, մինչդեռ ամբողջը բնակելի շենքեր են: Հյուսիսային պողոտայի բացն ենք փորձելու լրացնել»,-շենքը հյուրանոցի վերածելու իրենց քայլն այսպես բացատրեց Լ. Վարդանյանը:
Նա վստահեցրեց, որ շենքը Փակ շուկայի ճակատագրին չի արժանանա` միաժամանակ նշելով. «Շուկան այն ճարտարապետական լուծումներից էր, որ ներսի ստրուկտուրան, ճակատային մասը միասնական օրգանիզմ է, շուկան առանց իր ներսի օրգանիզմի, ճակատի արժեք չունի»:
Լ. Վարդանյանի խոսքով, այժմ ամենանախնական փուլում են, այսինքն դեռ պետք է հաստատվի էսքիզային նախագիծը, այնուհետև նոր սկսեն աշխատել նախագծի վրա:
Ի դեպ, հուսանք, որ մանսարդ տանիքը նման չի լինի Բուզանդի փողոց 2 հասցեում գտնվող շինության (այժմ` «Դայմոնդ» ռեստորան) մանսարդ տանիքին, որն ընդհնարապես չի «խոսում» շինության արտաքին տեսքի հետ, կարծես այլ «օրգանիզմ» լինի: Իսկ շինությունն ընկալելի է լինում, եթե այն դիտվում է որպես ամբողջական մի օրգանիզմ: Նաև` եթե շենքի մտահղացումը հասուն է, ամբողջական` իր կատարման մեջ, ցանկացած միջամտություն կարող է աղավաղել այն: Ու չմոռանանք` խոսքը գնում է Թամանյանի մասին:
Նախորդող նորություններ` Թամանյանի նախագծած շենքը` հյուրանո՞ց
Քաղաքապետարանը` Պուշկին 25 շենքի ճակատագրի մասին