«ՄԱՊ»-ի գործով Սիլվա Խաչատրյանն ազատ է արձակվել. Փաստաբանը դատարանի որոշումը համարում է օբյեկտիվ
«ՄԱՊ» ընկերության գործով անցնող Սիլվա Խաչատրյանը Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դահլիճից ազատ է արձակվել. դատավոր Արթուր Ադամյանը բավարարել է Խաչատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանի միջնորդությունը կալանքը ստորագրությամբ փոխելու մասին: Սիլվա Խաչատրյանը երկու անչափահաս երեխաների մայր է և նրա խնամքին է նաև ծեր մայրը, իսկ բոլորովին վերջերս նա հացադուլ էր հայտարարել:
Փաստաբանների պալատի փաստաբան Գեղամ Հակոբյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ողջունեց դատարանի որոշումը և ասաց, որ «շատ օբյեկտիվ» էր Խաչատրյանի կալանքը փոխելը և նրան ստորագրությամբ բաց թողնելը: Փաստաբանը խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը ներկայացնելիս պատճառաբանել էր, որ Սիլվա Խաչատրյանը տառապում է ալերգիայով, սիրտանոթային հիվանդությամբ:
Ավելի վաղ Panorama.am-ն անդրադարձել էր այս գործին և տեղեկացրել, որ Սիլվա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005-ից հանդիսանալով ֆիզիկական անձ, բանավոր պայմանավորվածության համաձայն, մինչև 2009-ի մայիսի 6-ը իրականացրել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության կողմից արտադրված և իրեն վստահված տարբեր տեսակի գինիների, կոնյակների և պահածոների առաքում ԼՂՀ-ի տարածքում: Իսկ 2009-ի մայիսի 11-ից արդեն անհատ ձեռնարկատեր Սիլվա Խաչատրյանի և ՄԱՊ ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր և համապատասխան հաշիվ-ապրանքագրերով իրեն վստահված ապրանքները մինչև 2011-ի վերջ Ս. Խաչատրյանը կրկին վաճառել է ԼՂՀ-ի տարածքում:
Այդ ժամանակահատվածում, ըստ մեղադրական եզրակացության, Սիլվա Խաչատրյանը ընկերության գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ վաճառքից ստացված ապրանքների` առանձնապես խոշոր չափի հասնող 32, 935.1 հազ. ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել, որպես չվաճառված ապրանք և նշված գումարը վատնելու եղանակով, հափշտակելով ծախսել է իր անձնական կարիքների համար: Այսինքն` Սիլվա Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «խոշոր չափի յուրացում» նախատեսված հանցանքի կատարման մեջ:
Սակայն Գեղամ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Խաչատրյանի և «ՄԱՊ» ՓԲԸ-ի հարաբերությունները հիմնված են մատակարարման պայմանագրի վրա և դրանք կրում են զուտ քաղաքացիաիրավական բնույթ, Սիլվա Խաչատրյանը որևէ հարցում չի թերացել:
Նախորդող հրապարակում. Կալանքի տակ գտնվող երկու անչափահասների մայրը դատարան է հրավիրում ՄԱՊ-ի Ալիկին