Սաֆարյան-ՀՅԴ բանավեճը շարունակվում է. ՀՅԴ-ին չեմ համարել ու չեմ էլ համարելու մրցակից այս ընտրություններում
ՀՅԴ նախընտրական շտաբի տարածած հայտարարությանն արձագանքել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:
«Ի պատասխան ՀՅԴ նախընտրական շտաբի «արձագանքի»
Մտքովս չէր կարող անցնել, որ ֆեյսբուքյան մի անմեղ գրառման ու հարցադրման ՀՅԴ ընկերները կարձագանքեն նախընտրական շտաբի մակարդակով ու մերժելի բառապաշարով: Որքան էլ ՀՅԴ ընկերները դրանում նշում են, թե ՀՅԴ-ը քաղաքական կուսակցություն է /բարեբախտաբար, ես էլ այդպես եմ համարում/, գռեհիկ այդ արձագանքը, մեղմ ասած, «տղայական» մակարդակում է` համեմված ոչ քաղաքական լեքսիկոնին հատուկ ձևակերպումներով:
ՀՀԿ ներկայացուցիչ Նաիրա Նահապետյան կողմից իրենց ուղղված անուղղակի մեղադրանքին /որ ՀՅԴ-ի հետ կապ ունեցող «Նիկոլ Դուման» ԱԿ-ն է թուջե նստարանները թանկ գնահատում, և եթե այլ կուսակցություն առաջարկի ավելի էժան, ապա քաղաքապետարանը կգնի էժան առաջարկը/ պատասխանելու փոխարեն ՀՅԴ ընտրական շտաբը նախընտրել է վերլուծել ինձ: Դավ միայն ճաշակի և ընտրության հարց չէ. հավանաբար դժվար է պատասխանել ՀՀԿ-ականի մեղադրանքին, և շատ ավելի հեշտ է ցեխ արձակել իմ ուղղությամբ: Իրենց իրավունքն է, բայց նաև պետք չէ նեղվել նստարանների գնի հետ կապված քննադատությունից, անկախ նրանից` ՀՅԴ-ը կամ նրան հարող որևէ ընկերություն ինչպիսի և ինչքան առնչություն ունեն նստարանների` ֆորմալ հայտարարվող գնի հարցում:
Ֆեյսբուքում գրառում կատարելիս գրեթե համոզված էի, որ ՀՅԴ-ը անպայման կհերքի մեղադրանքը: Մինչդեռ դրա փոխարեն վիրավորանքների տարափ է տեղում իմ գլխին... Նման պահվածքի դեպքում ազնիվ չէ խոսել այլոց կողմից պատվեր կատարելու մասին, եթե բավականին կոպտորեն շրջանցվում է հարցը, ու վիրավորանքներ հասցվում ՀՀԿ-ականի ակնարկից ծնված հարցը հղողի ուղղությամբ:
Չեմ իջնելու այդ մակարդակ: Չեմ արդարանալու ու ապացուցելու «որևէ պատվերի բացակայություն», քանի որ ես երբեք այդ դաշտում չեմ եղել: Ինձ երբեք և ոչ մեկ չի հանձնարարել, չի խնդրել անել որևէ հայտարարություն որևէ թեմայով, և չի կարելի հասարակության մեջ բոլորին չափել սեփական արշինով:
ՀՅԴ-ին չեմ համարել ու չեմ էլ համարելու մրցակից այս ընտրություններում, մաղթելու եմ միմիայն հաջողություն»: