Զինծառայողի մահվան գործով իրավապաշտպանը պատրաստվում է բացարկ հայտնել ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնին և քննիչ Իգիթյանին
Ապրիլի 19-ին պաշտպանության բանակում մահացած 19-ամյա զինծառայող Լևոն Մարաշլյանի դիազննության արդյունքում նրա մարմնի վրա վնասվածք չի եղել: «Մարաշլյանի մարմնի վրա վնասվածք չկար, կար միայն հրազենային վնասվածք գլխի շրջանում. գնդակի մուտքը կզակի մասից, ելքը` թիկունքի մասում: Գլխի առանցքի հանդեպ կրակոցն ուներ վերևից ներքև ուղղվածություն, այլ վնասվածքներ զինվորի վրա չկային», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, որը ներկա է գտնվել դիազննությանը:
Նշենք, որ ապրիլի 20-ին ՊԲ լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ «ապրիլի 19-ին ժամը 11:40-ի սահմաններում ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը»:
ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը Panorama.am-ին հայտնեց, որ զինծառայողի մահվան փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասի հատկանիշներով` «ինքնասպանության հասցնելը»: Կատարվում է նախաքննություն: Նրա տեղեկացմամբ, կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մերի Սարգսյանը ևս տեղեկացրեց, որ դիակի արտաքին զննությամբ բացի հրազենային վնասվածքից, այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նրա խոսքով, դիակի վրա եղել է գլխի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք: «Մարաշլյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից», - փոխանցեց Մերի Սարգսյանը:
Փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն ասաց, որ առայժմ հիմքեր չունեն ասելու, թե կատարվածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն: Սակայն գործով քննիչ նշանակված Իգիթյանի օբյեկտիվության վրա խիստ կասկածներ ունի:
«ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժինը և բաժնի քննիչ Իգիթյանը որը քննում է այս գործը, քննել է նաև 2011-ի օգոստոսի 27-ին «Եղնիկներում» սպանված Աղասի Աբրահամյանի գործը, և ես հայտարարում եմ, որ այդ գործով այդ բաժինը, այդ քննիչը կատարել են հանցագործություն` կոծկելով սպանությունը», փոխանցեց Մարտիրոսյանը
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է Մարաշլյանի ծնողների հետ միասին բացարկ հայտնել 3-րդ կայազորային քննչական բաժնին և պահանջել, որ գործը քննվի այլ բաժնում:
«Համոզմունք ունեմ, որ օբյեկտիվ քննություն չի կատարվի, եթե մի մարդ կոծկել է մի սպանության գործ, ապա ես չեմ կարող վստահել նրան, որ քննի երկրորդ սպանության գործը: Աղասի Աբրահամյանի սպանության գործը բացահայտված չէ մինչ օրս», -հավելեց Մարտիրոսյանը` նկատելով, որ ծնողներն էլ չեն հավատում, որ որդին այդ քայլին կգնար:
Իրավապաշտպանի դիտարկումները ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի ու քննիչ Իգիթյանի գործունեության վերաբերյալ ՊՆ սպա Մերի Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են