Վ.Հովհաննիսյան. Մեր հայերի թափված արյունը չի կարող մոռացվել գեղեցիկ խոսքերով, այլ պետք է հատուցվի
«Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ հայությունը չի բավարարվի»: Այս մասին ջահերով երթի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ հպարտանում է, քանի որ այս պահին Ֆրանսիայի հրապարակից Ծիծեռնակաբերդ են շարժվում երիտասարդների և տարեց մարդկանց խմբեր` մոռանալով իրենց կուսակցական և հայրենակցական պատկանելությունը, քաղաքական և այլ վեճերը.
«Տարբեր գաղափարախոսություններ կրող ուժեր կարող են ընտրական և այլ գործընթացներում բանավիճել միմյանց հետ, բայց կա մեկ միասնություն` դա մեր ազգն է և սահմանից գեթ մեկ մետր այն կողմ պետք է դադարեն բոլոր տարաձայնությունները»,- շեշտեց նա:
Վահան Հովհաննիսյանը հիշեց, որ ուղիղ 48 տարի առաջ ` 1965թ-ի ապրիլի 24-ին մի խումբ երիտասարդներ կարողացան ապացուցել, որ Հայոց Ցեղասպանության հարցը զուտ սփյուռքին վերաբերվող խնդիր չէ, արտասահմանում տեղի ունեցած հանցագործություն չէ, այլ մի խնդիր, որով ապրում է նաև Հայաստանը.
«Այսօր մենք ունենք մեր պետությունը և բոլոր ջանքերը պետք է գործադրենք Հայոց Ցեղասպանության ճանաչման և հատուցման ուղղությամբ: Անկախ նրանից Սփյուռք է թե Հայաստան, Ջավախք թե Արցախ`մենք ունենք միասնական հայ ժողովուրդ և հայրենիք, որի հսկայական մասը օկուպացիայի տակ է»,- շեշտեց նա:
Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի` Հայոց Ցեղասպանության այս հանցագործությունն անցյալում չէ, այլ շարունակվում է նաև այսօր.
«Մենք ապրում ենք Ցեղասպանության գրեթե բոլոր հետևանքները` չունենք կոմունիկացիաներ, զրկվել ենք բերրի հողերից, չունենք ելք դեպի ծով, իսկ Արևմտյան Հայաստանում մինչ օրս շարունակվում է ոչնչացվել 4 հազարամյա մեր պատմությունը: Սփյուռքը գտնվում է ուծացման եզրին և որքանով մեր կուսակցությունը և այսօր նաև Հայաստանի իշխանությունները փորձում են շարունակել հայապահպան գործընթացը, այնուամենայնիվ խիստ կարևոր է մեր միասնությունը»,- ընդգծեց Վահան Հովհաննիսյանը:
Դաշնակցական գործիչը նշեց նաև, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացների զգալի մասը պայմանավորված է հենց Ցեղասպանության հետևանքներով, իսկ Թուրքիան, փոխանակ հաշտվի իր անցյալի հետ, շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը ` փաստացի պատերազմ հայտարարելով մեր երկրին:
Նրա խոսքով, ՀՀ քաղաքական ուժերը պետք է միահամուռ լինեն և մոռանան ներքին պառակտվածությունը հանուն համազգային շահի և օգնեն ՀՀ իշխանություններին՝ ուժեղ լինել համազգային հարցերում:
Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան և իր դաշնակիցները կփորձեն պառակտել հայության միասնականությունը տարբեր խոստումներով և հայտարարություններով, սակայն.
«Մեր հայերի թափված արյունը չի կարող մոռացվել գեղեցիկ խոսքերով, այլ պետք է հատուցվի»,- հայտարարեց նա ու հավելեց, որ պետք է մշակվի հատուցման ծրագիր:
ՀՅԴ-ական գործիչը շեշտեց նաև, որ Հայ Դատը զուտ կուսակցական հասկացողություն չէ, այլ միասնական մի պահանջատիրություն, որի իմաստն է նաև Արցախյան գոյամարտը: Եվ գոհունակություն հայտնեց, որ ներկայումս Արցախը ևս հնարավորություն ստացավ ազատ գոյատևման.
«Այս երթով յուրաքանչյուր քայլ անելուց հիշեք, որ գնում ենք դեպի նոր ապագան, դեպի մեր իղձերի իրականացում, դեպի ամբողջական և ազատ Հայաստան»,- ավարտելով նշեց Վ.Հովհաննիսյանն ու հավելեց, որ մյուս անգամ գնալու են դեպի Արարատ, Սիփան և Արևմտյան Հայաստանի մյուս քաղաքներ:
Նշենք, որ Վ.Հովհաննիսյանի ելույթից հետո Եղիշե վարդապետ Ավետիսյանի հանդիսապետությամբ ներկաները աղոթեցին և սկսվեց ջահերով երթը:
Նախորդիվ`
Հերթական անգամ այրվեց Թուրքիայի դրոշը. Ջահերով երթը մեկնարկեց