Զարաքոլու. «Հայոց ցեղասպանության վերջնարդյունքը եղավ երևակայական Քուրդիստանի սահմանների ընդլայնումը»
«Ermenihaber.am» լրատվական կայքը ներկայացրել է թուրք հայտնի այլախոհ մտավորական, գրող հրատարակիչ Ռագըփ Զարաքոլույի հոդվածը, որի թեման Հայոց ցեղասպանության և քրդական հարցի առնչություններն են: Նշելով, որ հայերն ու քրդերը փոքրասիական տարածաշրջանի վաղեմի ժողովուրդներից են` Զարաքոլուն ընդգծել է հայերի նստակյաց, իսկ քրդերի հիմնականում քոչվորական կեսնակերպ ունենալու հանգամանքը:
«Առաջին համաշխարհային պետարազմը և 1915թ. ցեղասպանությունն անասելի կործանման բերեցին տարածաշրջանը: Բնակավայրերի զգալի հատվածը բառացիորեն ավերի ու կրակի մատնվեց,- գրում է Զարաքոլուն: - Փլուզվեց ողջ տնտեսական համակարգը: Այդ կորուստը կես հարյուրամյակ շարունակ չէր լինում վերականգնել»:
Հոդվածագրի բնորոշմամբ` այժմ «արևելքի ֆեոդալների» պակաս զարգացվածության գլխավոր պատճառը Հայոց ցեղասպանությունն էր, ինչպես նաև պատերազմական գործողությունները, համաճարակային հիվանդությունները և այլն: Հետևանքը եղավ այն, որ ոչնչացվեցին կրթօջախներ, մանուֆակտուրաներ, ենթակառուցվածքներ: Սոցիալական կայքնը մի քանի 100 տարի հետ շպրտվեց:
Աղետից հետո գալիս են ծանր հետևանքները: Զարաքոլուն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայկական Բարձրավանդակի հայաթափումից հետո հարավում հոծ բնակեցված քրդերը սկսեցին վերաբնակվել հայերից դատարկված գյուղերում: Օրինակ` հայերի կոտորածներից հետո Մշո դաշտավայրը լցվեց քրդերով: Այդ մասին Արևելքի մասին կազմած իր զեկույցում մտահոգություն է հայտնել Հալեպի նահանգապետ Աբդուլհալիքը` գրելով. «Քրդերը տարածվում են դեպի հյուսիս, հայկական բնակավայրերում են հաստատվում: Անհրաժեշտ է դրա դեմն առնել»:
Արդյունքում եղավ այն, որ Դերսիմի ապստամբության ճնշման ժամանակ թերթերը գրեցին. «Փաստորեն երևակայական Քուրդիստանի սահմանները ընդլայնվել են»:
Զարաքոլուն հարցադրում է անում. «Գուցե հենց այդ պատճառո°վ է, որ Իգդիրի 2011-ի ՏԻՄ ընտրություններում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP) հաջողությունը իշխող վերնախավի կողմից որպես մեծ սպառնալիք դիտվեց: Նրանք դա հասկացան այսպես` «Քուրդիստանի սահմանները Հայաստանի հետ միացրեցին»: Դա եղավ հետաքրքիր ենթագիտակացական վախի արտացոլում»:
Հոդվածագիրը նշում է, որ ըստ էության Հայոց ցեղասպանոթյան վերջնական արդյունքը եղավ երևակայական Քուրդիստանի սահմանների ընդլայնումը:
«Թալեաթ Փաշան դեսպան Մորգենթաուին ասում էր. «Ինչ չկարողացավ անել Աբդուլ Համիդը, կարողացա անել ես»: Բայց մի°թե դա նման չէր պյուռոսյան հաղթանակին, այսինքն հաղթանակ, որը հավասար է պարտության»,- եզրակացնում է Զարաքոլուն: