Աշոտ Մելքոնյան. Հայոց ցեղասպանության խնդիրը պետք է տեղափոխենք իրավաքաղաքական դաշտ
«Ցավոք սրտի, այսօր Հայոց ցեղասպանության խնդրում չունենք պետության և հայ հասարակության հայեցակարգային մոտեցում: Եթե մեր մոտեցումները պետք է լինեն միայն ճանաչման մակարդակով պայքարը, կարծում եմ, որ մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սխալ ուղու վրա ենք կանգնած: Մեր խնդիրը պետք է լինի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման համար պայքարը»,- Panorama.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե Հայոց ցեղասպաության 100-րդ տարելիցին ընդառաջ ի՞նչ հաջողություններ ենք արձանագրել, ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նրա դիտարկմամբ, 1915 թվականին տեղի ունեցած ողբերգությունը հայ ազգի հոգեկերտվածքի, հոգեբանության վրա ահռելի դրոշմ է թողել, ինչը նկատելի է նույնիսկ չորս սերունդ անց: Իսկ ամենակարևորը՝ ըստ պատմաբանի. «Նյութական և տարածքային հատուցման խնդիրը երբ մնում է բաց, ուղղակիորեն անդրադառնում է Հայաստանի կարգավիճակի վրա. անկլավային, շրջափակված վիճակում գտնվելով՝ Հայաստանը զարգացման իմաստով լրջագույն խոչընդոտների առաջ է կանգնած: Հետևանքների վերացումը, հատուցումը լիարժեք բոլոր կողմերով կարող է Հայաստանին հանել այս վիճակից և հայ ժողովուրդը զրկվածի, զարկվածի հոգեբանությունից կարող է ազատվել»:
Ա. Մելքոնյանը գտնում է, որ բոլոր գիտնականները, պետական հաստատությունները, սփյուռքի կառույցները պետք է միավորեն ու Հայոց ցեղասպանության խնդրում ձևավորեն հայեցակարգային մոտեցում, այլապես Հայաստանը կշարունակի տեղում դոփել:
Ըստ նրա, Հայաստանն այսօր միայն որոշ իմաստով բարոյական որոշակի բավարարվածություն ունի. աշխարհի 26 երկիր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Հրեաները շատ արագ հասան հատուցման, ու մինչև հիմա Գերմանիան շարունակում է հատուցել հրեաներին: Մենք ոչնչի չենք հասել, քանի որ 1965 թվականից շարունակ կրկնում ենք՝ ճանաչում, ճանաչում, ճանաչում»,-ասաց պատմաբանը: Նրա խոսքով, Հայաստանը պետք է առաջին հերթին գնա ոչ թե ճանաչման ճանապարհով, թեև դա էլ հավելյալ, օգնող հանգամանք է, այլ հասնել հատուցման, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման՝ դատական կարգով: «Խնդիրը պետք է տեղափոխենք իրավաքաղաքական դաշտ: Ուրախալի է, որ պետական մարմիններն էլ սկսել են խոսել իրավաքաղաքական դաշտ տեղափոխոխելու անհրաժեշտության մասին»,- նկատեց Ա. Մելքոնյանը:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: