Դավիթ Հարությունյան. Սեիդովի հայտարարությունն իրականության հետ կապ չունի
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հայտարարությունն իրականության հետ կապ չունի: Ի պատասխան Panorama.am-ի հարցի, նման գնահատական տվեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ օրերս Սամեդ Սեիդովն ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել էր, թե իբր Վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի շրջանակներում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում:
Այս հայտարարությունը տարօրինակ էր այն պատճառով, որ հիշատակված ենթահանձնաժողովը վաղուց գոյություն չունի: Ուստի այս հայտարարության կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարից: Ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց.
«Նախ և առաջ` Խորհրդարանական վեհաժողովի որևէ ժամանակավոր հանձնաժողովում, առավել ևս` գոյություն չունեցող հանձնաժողովում, ոչ մի հանդիպում կամ խորհրդակցություն տեղի չի ունեցել: Եթե հարցին դիվանագիտորեն պատասխանեմ, պետք է նշեմ, որ պարոն Սեիդովի հայտարարություններն իրականության հետ առհասարակ ոչ մի կապ չունեն:
Իրականությունն այն է, որ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հովանու ներքո հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների մի քանի խորհրդապահական հանդիպումներ են կազմակերպվել` քննարկելու համար պատվիրակությունների միջև համագործակցության և հաշտեցման ուղիները:
Այդ հանդիպումների ժամանակ կարևորվել է պատվիրակությունների միջև հաշտեցման խթանմանն ուղղված իրական երկխոսություն սկսելու քաղաքական կամքն, ու կարևորագույն համաձայնություններից մեկն այն էր, որ կողմերը պետք է պահպանեն բանակցությունների գաղտնիությունը:
Դժբախտաբար այս պարզ պարտավորությունը մեր ադրբեջանցի գործընկերոջ կողմից ոչ միայն չհարգվեց, այլև ճշմարտությունն աղավաղվեց և օգտագործվեց քարոզչական նպատակով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան