Ֆրեզնոն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը
Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը: Քաղաքային խորհուրդը Անդրեաս Բորգեասի հեղինակած համապատասխան բանաձևն ընդունել է նախօրեին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, փաստաթղթում քաղաքային խորհուրդը կոչ է անում ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիրներին, Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին «սատարել Արցախի ժողովրդի ինքնորոշումը, ժողովրդավարական անկախությունն ու ճանաչել նրա կառուցողական ընդգրկումը միջազգային ասպարեզում: Բանաձևի այլ դրույթով Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահին կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունն ու պարտավորություն ստանձնել ապագա սերունդների Հայոց Ցեղասպանության փաստն անաչառ ներկայացնելու հարցում»:
Խորհրդի անդամ Անդրեաս Բորգեասը փաստաթղթի ընդունման կապակցությամբ հայտարարել է. «Անչափ երջանիկ եմ սատար կանգնելու մեր հայ բարեկամներին Հայաստանում և Արցախում և հույս ունեմ, որ Սակրամենտոն ևս պաշտոնապես կճանաչի ԼՂՀ անկախությունը: Ֆրեզնոն այս բանաձևն ընդունած Կալիֆորնիայի առաջին քաղաքն է, սակայն իմ նպատակն ավելի մեծ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն է նահանգով մեկ, երկրում և հեռանկարում նաև Վաշինգտոնում»:
Բանաձի ընդունումից հետո կայացած մամուլի ասուլիսին մասնակցել է նաև ԱՄՆ-ում ԼՂ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ու ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանն ուղղված ցանկացած գործ Հարավային Կովկասում խաղաղության և բարեկամական հարաբերությունների հաստատմանը միտված քայլ է: Սրտանց ողջունում եմ համայնքի և ընտրված պաշտոնյաների ջանքերը Արցախի, Հայաստանի Հանրապետության, Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի բնակիչների միջև որպես բարեկամական հարաբերությունների ու համերաշխության վկայություն », - ասել Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, օրեր առաջ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձև էր ընդունել նաև ԱՄՆ Մեն նահանգը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան