«Արմավիայի» սննկացումից հետո ավիափոխադրում կիրականացնեն 2-3 ընկերություններ
«Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե արդեն հստակ որոշված է, որ «Արմավիա» ավիաընկերության սննկացումից հետո Հայաստանում միայն մեկ ազգային ավիափոխադրող չի լինելու: Կլինեն 2-3 ընկերություններ, որոնք նման գործառույթ կիրականացնեն: Անուններ, սակայն, առայժմ հայտնի չեն, քանի որ դեռ քննարկումներ ու բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ:
Նույն աղբյուրները փոխանցում են նաև, որ տվյալ պարագայում որոշակի խնդիր կա. քանի որ շուկան մեծ չէ և մասնավորապես ռուսական ավիափոխադրողների հետ մրցակցության հարց կա, այժմ որոշակի ռազմավարություն է մշակվում: Ու թեև պետական բաժնեմասով ավիաընկերություն մեր երկրում գոնե առաջիկայում չի լինելու, բայց մեխանիզմներ են մշակվում նաև, որպեսզի որոշակի խնդիրների դեպքում պետությունը այդ մի քանի ավիաընկերությունների աշխատանքին միջամտելու հնարավորություն ունենա: