Անցյալու՞մ է արդյոք ցեղասպանությունը
Անցյալու՞մ է արդյոք ցեղասպանությունը: Այս հարցադրումը մեր օրերում՝ 1915-ի ազգային աղետից 98 տարի անց, առավել քան արդիական է: Վերջինիս պատասխանը հստակ է. ո՛չ անցյալ չէ, քանզի ցեղասպանության պոտենցիալ վտանգ առկա է նաև այսօր, այո՛ անցյալ է, քանզի այսօր հայի ուժեղ տեսակ է ձևավորել, ում համար թուրքին հաղթելը, նրան խաղաղություն պարտադրելը դարձել է կենսակերպ:
Պետք է իրատես լինել. թուրք-ադրբեջանական տանդեմից մեզ սպառնացող վտանգը լինելու է առաջիկա տասնամյակների մեր իրականությունը: Հայի հանդեպ թուրքի թշնամանքը կայուն է, ժամանակի մեջ անփոփոխ: Հետևաբար, դեռ շատ երկար ենք ստիպված լինելու համոզվել, որ «թուրքը մնում է թուրք»: Անշուշտ թուրք մտավորականության շրջանում կան այլախոհներ՝ բարոյապես հասուն անհատներ, ովքեր ի դեմս հայի չեն տեսնում թշնամու, ովքեր խոստովանում են ցեղասպանության փաստը: Բայց չէ՞ որ այլախոհ լինելու փաստը վկայում է այն մասին, որ թուրքի այս տեսակը ժամանակից Թուրքիայում բացառություն է: Ի դեպ նման այլախոհներ եղել են և՛ 98 տարի առաջ, և՛ Սումգաիթում, և՛ Բաքվում: Հետևաբար երբ ասում ենք, թե «թուրքը մնում է թուրք» ապա ի նկատի ունենք և՛ հայատյացության կայուն դիրքորոշումը կրող թուրքի տիրապետող տեսակը, և՛ մարդյատյացությունից զերծ բարոյապես հասուն այլախոհ թուրքի փոքրաթիվ տեսակը: Թուրքի այդ երկու տեսակները մեկ հավաքականության՝ թուրքական հանրույթի բաղադրիչներն են:
Ի դեպ, այն հանգամանքը, որ թուրքի այլախոհ տեսակը 1915-ին էլ է եղել բացառություն, փաստում է այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե երիտթուրքական կառավարության, այլ թուրք ժողովրդի մեղսագործությունն է: Եթե չլիներ ջարդերին թուրք ժողովրդի զանգվածային ներգրավվածությունը, որին մասնագիտական գրականության մեջ ընդունված է բնորոշել որպես «թուրք-խուժան», ապա բռնությունները չէին ստանա ցեղասպանության մասշտաբներ: Այսօր էլ Ադրբեջանում հասունացած է հայկական ջարդերը կրկնելու պատրաստակամություն. հասունացած է հենց ժողովրդի շրջանում, ինչի խորհրդանիշն է Ռամիլ Սաֆարովը: Հարկ է հաշվի առնել. նախագահ Ալիևը պարզապես չէր գնա Ռամիլ Սաֆարովի կերպարի հերոսացման քայլին, եթե վստահ չլիներ, որ այն ցանկալի է անդրկովկասցի թուրքերի ստվար հատվածի համար: Սակայն այսօր անդրկովկասցի թուրքն իր մտադրություններն իրագործելու հնարավորություն չունի:
«Թուրքը մնում է թուրք»-ը հայոց հավաքական կենսափորձն է: Այն բնավ չի բացառում թուրքի հետ հարաբերվելու հեռանկարը: Թուրքի հետ պետք է հարաբերվել: Սակայն «թուրքը մնում է թուրքը»-ը հուշում է մի պարզ ճշմարտություն. թուրքի հետ պետք է հարաբերվել ուժի դիրքերից:
Հաճախ է ասվում, որ արցախյան ազատամարտը շտկեց հայության մեջքը: Իսկապես այդպես է. մեր ավագ սերունդը ստիպեց այլոց հարգել մեզ: Արցախյան հաղթանակից հետո մենք ինքներս սկսեցինք հարգել մեզ: Հաղթանակը ձևավորեց հայի նոր՝ ուժեղ, կենսունակ տեսակ, ով գիտե, որ թուրքը հաշվի է նստում միմիայն ուժի հետ: Իր վերջին հարցազրույցներից մեկում Արցախի Պաշտպանության Բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ասել է. «Ամբողջ կյանքում երազել եմ ձեռքիս տակ ունենալ այնպիսի ուժ, որն ի վիճակի լինի ցանկացած տեղում հակառակորդի կոկորդից բռնել և խեղդել: Եվ այսօր այդ ստորաբաժանումները ես ունեմ. ոչ թե մեկն, այլ՝ մի քանիսը: Դրանք ցանկացած պայմաններում, ցանկացած տեղում կարող են ինքնուրույն գործել՝ ինչպես հակառակորդի խորքում, այնպես էլ առաջնագծում. ճեղքել, մխրճվել: Այն բնագծերը, որոնք մեզ պետք են լինելու մենք առանց որևէ դժվարության հասնելու ենք»:
Թշնամու կոկորդից բռնող ու խեղդող ուժ. ահա՛ իր հայրենիքում հայի արժանապատիվ գոյության, թուրքին խաղաղ հարևանության հարկադրելու միակ գրավականը:
Դավիթ Ջամալյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները