Ե՞րբ է կառուցվել Ցեղասպանության թանգարանը, ովքե՞ր են եղել այնտեղ
Այսօր վաղ առավոտից մարդկանց հոծ բազմություն է շարժվում դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգելու Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացած Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Անմար կրակի շուրջ ծաղիկներ դնելուց հետո մարդիկ այցելում են նաև Ցեղասպանության թանգարան, ծանոթանում փաստագրական նյութերին:
Հայոց Ցեղասպանության թանգարանը բացեց իր դռները 1995թ., երբ նշվում էր Հայոց Ցեղասպանության 80-րդ տարելիցը: Թանգարանի կառույցը (ճարտարապետներ` Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ` Ֆ. Առաքելյան) բացառիկ նախագիծ ունի:
Ավելի քան տասնամյա գործունեության ընթացքում թանգարանն բազմաթիվ այցելուների է ընդունել, այդ թվում` դպրոցականների, ուսանողների և աննախադեպ թվով զբոսաշրջիկների, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանից:
Թանգարանն ապահովում է էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով:
Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով, ուստի բազմաթիվ օտարերկյա պատվիրակություններ արդեն իսկ այցելել են թանգարան: Նրանց թվում թանգարան են այցելել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժ. Շիրակը, այլ հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ:
Թանգարանի երկհարկանի շենքը կառուցված է բարձունքի մի կողմում` չնսեմացնելու համար Հուշահամալիրի խիստ ազդեցիկ տպավորությունը: Թանգարանի տանիքը հարթ է` երեսպատված բետոնե սալիկներով: Այստեղից երևում է գեղատեսիլ Արարատյան դաշտն ու փառահեղ Արարատ լեռը:
Թանգարանի առաջին հարկը ստորգետնյա է, այստեղ գործում են վարչական, ինժեներա-տեխնիկական ծառայությունները, ինչպես նաև 170 հոգու համար նախատեսված Կոմիտասի անվան դահլիճը: Այստեղ են տեղակայված նաև գիտական ու թանգարանային արժեքների պահոցները, գրադարանը, ընթերցասրահը: Թանգարանային ցուցադրությունը տեղակայված է երկրորդ հարկում` ընդգրկելով մոտ 1000քմ տարածք: Այն ունի հիմնական երեք փակ և մեկ բացօթյա ցուցասրահներ:
Ցեղասպանության հուշակոթողը կառուցված է հավերժացնելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց Ցեղասպանության թանգարանի առաքելությունը խարսխված է այն համոզմունքի վրա, որ Հայոց ցեղասպանության ընդունումը կարևոր քայլ է` ապագայում նմանատիպ ողբերգությունները կանխելու համար և նրանք, ովքեր մոռանում են անցյալը, դատապարտված են այն կրկնել:
Մշտական ցուցադրություն
Առաջին սրահ
Թանգարանի ցուցադրության երեք փակ և մեկ բացօթյա ցուցասրահները զբաղեցնում են ավելի քան 1000քմ տարածք:
Թանգարանի առաջին ցուցասրահի արևմտյան պատին ինը մետր լայնությամբ և հինգ մետր բարձրությամբ քանդակված է Հայկական բարձրավանդակի և հարևան երկրների քարտեզը. հյուսիսում Սև ծովն է, արևելքում` Կասպից ծովը, հարավում` Իրանական բարձրավանդակը և հարավ-արևմուտքում` Միջերկրական ծովը: Քարտեզի վրա ներկայացված են Օսմանյան կայսրության` մինչև 1915թ. գոյություն ունեցող հայաբնակ այն վայրերը, որոնց բնակչությունը ենթարկվեց զանգվածային տեղահանությունների ու սպանդի:
Այս սրահում ներկայացված են լուսանկարներ և ժողովրդագրական աղյուսակներ` Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում մինչև 1914թ. հայկական բնակավայրերի և հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ: Աղյուսակները տվյալներ են պարունակում նաև հիշյալ ժամանակահատվածում այս բնակավայրերում գործող հայկական եկեղեցիների ու դպրոցների մասին: Ցուցասեղաններում տեղ գտած լուսանկարները, նյութերը ներկայացնում են հայ բնակչության խաղաղ կյանքը մինչև ցեղասպանությունը:
Երկրորդ սրահ
Երկրորդ ցուցասրահը(700քմ) ներկայացնում է ականատեսների վկայություններ և փաստաթղթեր` հայերի դեմ իրագործված կոտորածների և վայրագությունների վերաբերյալ: Ցուցադրությունում առկա են 1915-1917թթ. կատարված բազմաթիվ մեծադիր լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր, վայրագությունների զոհ դարձած նշանավոր հայերի, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամների լուսանկարներ, այլ ցուցանմուշներ:
Երրորդ սրահում փակցված աղյուսակները ամփոփում են հայ բնակչության թվաքանակը 1914թ-ին և 1922թ-ին, տալիս տեղահանվածների ու սպանվածների թիվը: Հատուկ տեղ է հատկացված միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների օրենսդիր մարմինների ընդունած` Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթերի բնագրերի ներկայացմանը:
Այստեղ ցուցադրվում է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրատարակված բազմալեզու հնատիպ գրականություն: Ցուցասեղաններում ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում, Ռուսաստանում ծավալված մարդասիրական շարժման վերաբերյալ նյութեր, ինչպես նաև օտարերկրացի միսիոներների գործունեությունը լուսաբանող ցուցանմուշներ:
Նույն սրահում, գրանիտե պատվանդանների վրա տեղադրված բյուրեղապակյա սկահակներում ամփոփված են Արևմտյան Հայաստանի վեց նահանգներից բերված հողեր` Կարին (Էրզրում), Վան, Բաղեշ (Բիթլիս), Սեբաստիա (Սվազ), Խարբերդ, Տիգրանակերտ (Դիարբեքիր): Այստեղ դուք կտեսնեք նաև ճյուղերը տարածած գրանիտե մի ծառ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդն ու հավերժությունը:
Թանգարանի վերջին սրահը հին հայկական շինություններին բնորոշ բացօթյա ներքին բակն է: Կիսաշրջանաձև, տասներկու հավասար հատվածների բաժանված բազալտե պատի վրա փորագրված են օտարերկրացի, ժամանակի ակնառու պետական գործիչների, դիվանագետների, գիտնականների, գրողների` Հայոց ցեղասպանությունը դատապարտող խոսքերը:
Սրահը նման է դատարանի, որտեղ ականատեսները տալիս են իրենց դատապարտող վկայությունները. վերջին խոսքը այցելուինն է:
Երրորդ սրահ
Թանգարանում գործում է նաև ֆրանսիացի, ծագումով հայ հայտնի նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) անունը կրող ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված պատկերասրահ: