Պատգամավոր Ն.Կարապետյանը հայհոյել ու սպառնացել է Մոսկվայի տան տնօրենի՞ն. Էթիկայի հանձնաժողովը դիմում է ստացել
Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովը Երևանում Մոսկվայի տան տնօրենից դիմում է ստացել, որպեսզի հանձնաժողովի անդամները քննեն ՀՀԿ խմբակցության անդամ, երիտասարդ պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքը: Panorama.am-ի ունեցած տեղեկություններով, բացի Էթիկայի հանձնաժողովից, դիմում է գրվել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունով:
Խնդիրը հետևյալն է. ՌԴ դեսպանությունը ՀՀ-ում իրականացնում է կրթաթոշակի ծրագիր, Նաիրա Կարապետյանը զանգահարել և սպառնացել է տնօրենին, որ Գյումրի քաղաքի մի շարք ուսանողներ ստանան այդ կրթաթոշակը: Ըստ մեր տեղեկությունների, դիմումում նշված է, որ պատգամավորը կնոջն ու պաշտոնյային ոչ վայելուչ պահվածք ու ագրեսիա է դրսևորել, անգամ հայհոյախառն արտահայտություններ օգտագործել և սպառնացել:
Panorama.am-ի հետ զրույցում Էթիկայի հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը հաստատեց, որ անդամները Նաիրա Կարապետյանի վարքը քննարկելու վերաբերյալ դիմում ստացել են, բայց նա չի հասցրել դիմումը լավ ուսումնասիրել: Մեր հարցին ի պատասխան, որն է պատճառը, որ պատգամավորի վարքի հետ կապված խնդիր է առաջացել, Թևան Պողոսյանը նշեց, որ պատգամավորը իբրև թե կոպիտ է խոսել : Թ.Պողոսյանը նշեց, որ չի կարող հստակ ասել` հայհոյանքների ու սպառնալիքների մասին մեր ունեցած տեղեկությունները որքանով են ճիշտ, քանի որ, կրկնեց նա, դիմումը լավ չի հասցրել ուսումնասիրել ու անգամ նշեց, որ «լավ իմանալով Նաիրային չի կարծում, թե նման բան կարող է լինել».
«Հանձնաժողովը կքննարկի, գործընթացը ամեն ինչ կդնի իր տեղը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Նաիրա Կարապետյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ պատգամավոր ԵԽԽՎ-ում է` հայկական պատվիրակության կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան