Ցրտահարություն՝ Արարատի և Արմավիրի մարզերում. տուժել են վաղահաս կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքեր, խաղողի այգիներ
Վերջին օրերին Արարատյան հարթավայրում և հանրապետության նախալեռնային գոտում գիշերային ժամերին արձանագրաված բացասական ջերմաստիճանների հետևանքով ցրտահարություններ են դիտվել հիմնականում Արարատի մարզի Արտաշատի, Մասիսի և Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանների առանձին համայնքների ցածրադիր տարածքներում: Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, նշված համայնքներում ցրտահարությունից տուժել են վաղահաս կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքերի և խաղողի այգիների որոշ հատվածներ:
Ցրտահարությունների հետևանքները մեղմելու և բերքի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից առաջարկվում է առաջնահերթության կարգով իրականացնել հետևյալ ագրոտեխնիկական միջոցառումները:
Կարտոֆիլի և բանջարանոցային մշակաբույսերի ցանքերում՝ կտրել և բույսերից հեռացնել վնասված հատվածները, բույսերի միջշարային և մերձբնային տարածքները փխրեցնել, սնուցել ազոտական պարարտանյութերով և ոռոգել, ապահովության համար, ցանկալի է կատարել բուժում սնկային հիվանդությունների դեմ:
Խաղողի վնասված այգիներում՝ վազի վրայից հեռացնել ցրտահարված (սևացած, չորացած) շվերը, ուժեղ աճ ունեցող հոռաշվերը, որոնց վրա բերք է ձևավորվել պահպանել, անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելով հաջորդ տարի վազի ձևավորման նպատակով, այգում կատարել միջշարային տարածությունների վար, սնուցում ազոտական պարարտանյութերով և ոռոգում, խորհուրդ է տրվում այգում կատարել առաջին բուժումը միլդյու հիվանդության և թրիպսների ու տզերի դեմ:
Ըստ նախարարության՝ առաջարկվող միջոցառումների սեղմ ժամկետում իրականացնելու դեպքում կստեղծվեն լուրջ երաշխիքներ վնասված տարածքներից բարձր բերք ստանալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները