Լավ է ուշ, քան երբեք. Խորհրդարանում քննարկում են այլընտրանքային զինծառայության խնդիրները
Այս պահին Հայաստանում կրոնական համոզմունքների պատճառով զինծառայությունից խուսափած 26 գործ կա նախաքննության փուլում, 23-ը` դատավարության փուլում, իսկ 34-ը` կրում են պատիժ քրեակատարողական հիմնարկներում: Այս տվյալներն այսօր ԱԺ-ում ընթացող ալընտրանքային զինծառայության մասին օրենսդրության քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:
«Սրանք այն անձինք են, որոնք խուսափում են զինծառայությունից և այն մտայնությունը, թե եթե իրենք խուսափում են, ուրեմն լավ մարդիկ չեն, նրանց տեղը քրեակատարողական հիմնարկն է, սխալ է: Մենք պետք է գտնենք` որտեղ նրանց օգտագործենք, այնպես անենք, որ այդ մարդկանց դավանանքի իրավունքները չխախտվեն», -հայտարարեց Թովմասյանը:
Նա ներկայացրեց փոփոխված օրինագծի մի շարք դրույթներ, որոնք արդեն քննարկվել են Ազգային ժողովի նախորդ քառօրյաներից մեկում ու որի մասին մենք բավական մանրամասն ներկայացրել ենք:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեմ չէ օրինագծին, ավելին նա այս փոփոխությունը համարում է ուշացած: «Լավ է ուշ, քան երբեք: Նախագիծն ուշացած է, որովհետև եթե մենք ժամանակին անեինք, կարող էինք տարբեր խնդիրներից խուսափել: Մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցեր չէին ներկայացվի, իսկ ամենակարևորը` մեր քաղաքացու իրավունքները կպաշտպանվեին», -այսօրվա քննարկմանը հայտարարեց Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով, Ալընտրանքային զինծառայության մասին օրենքը չկիրառելու հետևանքով Հայաստանը վնասներ է կրել` քրեական հետապնդման են ենթարկվել մարդիկ: Նա ասաց, որ իր տվյալներով շուրջ 440 անձ է դատապարտվել այդ հողի վրա: «Պատկերացրեք` այս քաղաքացիները ինչ ներդրում կարող էին ունենալ, եթե պաշտպանվեր նրանց իրավունքը: Այս քաղաքացիների ներուժը չենք օգտագործել: Նախագիծը թեև ուշացած, բայց շատ կարևոր է և պետք է ընդունենք»,-հայտարարեց պատգամավորը:
Հարակից լուր. Ինչի՞ պետք է իրենց մոր կրծքի վրա փափուկ բարձ դնենք, գնան պառկեն. Բուռն քննարկում խորհրդարանում