Ամերիկացի փորձագետ. Ադրբեջանի իշխանությունը փորձում է մենաշնորհ հաստատել կրոնի նկատմամբ
«Դրսից աճող ճնշումների ֆոնին Ադրբեջանի իշխանությունները «ազգային իսլամ» ստեղծելու քաղաքականություն են վարում», -հայտարարել է Վաշինգտոնում գտնվող գլոբալ հետազոտությունների Կարնեգի կենտրոնի աշխատակից Բայրամ Բալջնը:
Ինչպես նշում է «Ազադլիգ» թերթը, երկուշաբթի օրը Վաշինգտոնի Վուդրո Վիլսոն հետազոտական կենտրոնում տեղի ունեցած ելույթի ժամանակ վերլուծաբանն ասել է, որ Բաքվի համար ցանկալի է Իրանի և Թուրքիայի ազդեցությունից դուրս բերել իսլամիստներին: Բալջնի խոսքով` դա դժվար հարց է, քանի որ մեծամասնությունը շիա հավատքն է դավանում:
«Ազգային իսլամի անվան տակ պետությունը մտադիր է մենատիրություն հաստատել կրոնի նկատմամբ: Այնինչ` կրոնն ազատություններ է պահանջում… Եթե տեղական հոգևոր վարժարաններն որակյալ կրթություն չտան, հավատացյալները ուսման կմեկնեն արտասահման: Դա բնական է»,-ասել է վերլուծաբանը Վաշինգտոնում BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:
Բալջնի կարծիքով` վերջին տարիներին Ադրբեջանում կրոնական արմատականության միտումների հիմնական պատճառներից են աղքատությունը, քաղաքական ճնշումները և ազատությունների ոտնահարումը: Եթե նախկինում արմատականներ ասելով հասկանում էինք Հյուսիսային Կովկասից եկած կրոնական փոքրամասնություններին, ապա ներկայում ամբողջ երկրում կարելի է հանդիպել քաղաքական պահանջներ բարձրաձայնող արմատականների: «Արմատականների մի մասը այդ ճանապարհն են բռնել պետության կողմից կրոնական քաղաքականությունը արմատական կերպով վարելու պատճառով», -ասել է փորձագետը՝ նշելով, որ կարիք չկա վախենալ հավատացյալներից, արմատականներին թուլացնելու համար հարկավոր է ազատություն տալ նրանց:
Փորձագետի համոզմամբ` Ադրբեջանի վրա կրոնական ազդեցությունը երեք կողմից է գալիս. Իրանից (շիա), Թուրքիայից (սունի) և Արաբական երկրներից (սալաֆի): Խորհրդային միության փլուզումից հետո տեղի բնակչությունը որոշ ժամանակ հավատքի ընտրության մեջ էր: Մի կողմում Իրանն էր, որտեղ շիա ուղղությունը պետական կրոն էր դարձել, մյուս կողմում` «արդի իսլամով թրքականության խառնուրդով կրոն քարոզող» սունի Թուրքիան:
«Երբ Իրանում էի հոգևոր վարժարաններում 200-250 ադրբեջանցի ուսանողների հանդիպեցի: Չեմ կարծում, թե նրանք ազդեցություն ունեն Ադրբեջանի բնակչության վրա, քանի որ Իրան գալուց հետո նրանց կապերը հայրենիքի հետ կտրվել էր… Բայց, կասկած չկա, որ ծագումով ադրբեջանցի Իրանի այաթոլլաները մեծ ազդեցություն ունեն հարևան երկրում»,-ասել է Բալջնը:
Իր հերթին Թուրքիայի Կրոնական գործերի նախարարությունը և ոչ պաշտոնական հոսանքները, օրինակ` Գյուլենի հետևորդները, աշխատում են տարածել իրենց ազդեցությունը Ադրբեջանում և այնտեղ թուրքամետ իսլամական վերնախավ ստեղծել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին