ԲՀԿ-ն հնարավոր է կոալիցիա մտնի. Պայմանավորվածություն երկրորդ տեղի համար
«Ժամանակի» տեղեկություններով՝ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված: Խոսքը մասնավորապես ընտրակաշառք բաժանելու քվոտավորմանն է վերաբերում:
«Հայտնի է, որ անցած շաբաթ նախագահի նստավայրում հանդիպել են ՀՀԿ և ԲՀԿ ղեկավարներ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը: Նրանց հանդիպումը ներկայացվեց այն ենթատեքստով, թե Ս. Սարգսյանը քաղաքական ուժերի ղեկավարներին տեղեկացրել է, որ վարչապետի պաշտոնին կրկին նշանակելու է Տիգրան Սարգսյանին: Մեր տեղեկություններով, սակայն, նրանք քննարկել են նաև այս ընտրությունների հետ կապված հարցեր, իսկ երկուստեք ձեռք է բերված պայմանավորվածությունների արդյունքում ԲՀԿ-ին թույլ է տրվել որոշ չափով կաշառք բաժանել: Ընդ որում՝ Գ. Ծառուկյանը ցանկություն է հայտնել, որ ոչ թե «Ժառանգությունը», այլ ԲՀԿ-ն պետք է երկրորդ տեղում լինի: Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Ս. Սարգսյանը ոչ լիարժեք, բայց հակացրել է, թե կարող են հույս ունենալ և այդ ուղղությամբ աշխատել:
Հենց այս նախնական պայմանավորվածության շնորհիվ էլ ԲՀԿ-ի տարածքային պատասխանատուները սկսել են գրեթե բացահայտ այցելել տները, ցուցակագրել իրենցից ընտրակաշառք վերցնողների ցանկը և խոստանալ, որ ընտրությունների օրը յուրաքանչյուրին 5000-ական կամ 10.000-ական դրամ կտան: Պայմանավորվածություն չունենալու դեպքում ԲՀԿ-ն չէր համարձակվի նման քայլի գնալ: Մեր տեղեկություններով՝ Երևանի ավագանու՝ ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը նեղ շրջապատում ասել է, որ ընտրակաշառքի համար նախատեսված գումարներն արդեն համապատասխան խողովակներով տրվել են համապատասխան պատասխանատուներին, որ մայիսի 5-ին կամ նախօրեին բաժանվեն ընտրողներին: Ընդ որում՝ հենց այս ընտրությունների արդյունքներով կարող է պայմանավորված լինել նոր կառավարության կազմը: ԲՀԿ-ն թեև անխնա քննադատում է կառավարությանը, ավելի շուտ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին, և հայտարարում, թե կոալիցիա չի մտնի, միևնույն ժամանակ ամեն ինչ անում է, որ նորից կոալիցիայի մաս կազմի:
Ըստ ԲՀԿ –ի ծրագրերի՝ եթե Երևանի ավագանու ընտրություններին կարողանան երկրորդ տեղը ստանալ, կկարողանան իշխանություններին ստիպել իրենց հետ հաշվի նստել և ԲՀԿ-ին ավելի շատ նախարարական պորտֆելներ տալ: Արդեն իսկ լուրեր են շրջանառվում, թե ԲՀԿ-ին տրված Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում Հրաչյա Ռոստոմյանը կշարունակի պաշտոնավարել»,- գրել է թերթը: