«Նոր» «Անուշ»-ը մուլտիդիսցիպլինար ներկայացում է… Չի մոռացվել ծագումը
Վաղը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հայ հանդիսատեսի դատին է հանձնվելու «Անուշ» օպերայի նոր բեմադրությունը` գրված Արմեն Տիգրանյանի օպերայի հիմնան վրա ` ըստ Հովհաննես Թոյւմանյանի պոեմի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բեմադրության և լիբրետոյի հեղինակ Սերժ Ավեդիկյանն ասաց, որ Անուշ»-ը նորովի ներկայացնելու համար իրենք անդրադարձել են Հ. Թումանյանի եւ Ա. Տիգրանյանի ստեղծագործությունների բնօրինակներին` օպերայի առաջին նոտագրությանը և լիբրետոյին, որոնք պահվում են Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և մինչ օրս մոռացության են մատնված եղել: Վերադառնալով օպերայի նախնական տարբերակին` այս մեկնաբանության մեջ հեղինակները «վերադարձրել» են որոշ կերպարներ և ազգային երաժշտական գործիքներ, որոնք հանվել էին խորհրդային գրաքննության ճնշման տակ: Ս. Ավետիկյանի խոսքով, այդ կերպարները կարևոր դերակատարություն ունեն:
«Սա ադապտացված գործ է, այն «Անուշ»-ը չէ, որ դիտել են տասնամյակներ շարունակ, դասական ձևով»,- ընդգծեց Ս. Ավեդիքյանը` հավելելով, որ ինքն ազատ ու ինքնուրույն է իր ստեղծագործական որոնումներում: Նա բնական է համարում քննադատությունները ու, ինչպես նշեց, դրանց վերաբերում է նորմալ, քանի որ մարդ պետք է ազատ լինի նաև այդ հարցերում:
Խորեոգրաֆիայի, բեմի ձևավորման և հագուստների հեղինակ Նիկոլյա Մյուզեն իր խոսքում նշեց, որ այնպես են արել, որ այս աշխատանք դառնա համամարդկային, իհարկե` չմոռանալով թե ինչ ծագում ունի, ինչ լեզվով են երգում:
«Անուշ»-ը մուլտիդիսցիպլինար ներկայացում է, որտեղ համադրված են օպերան, պլաստիկ թատրոնը և կինոյի լեզուն: Էկրանին ցուցադրվող տեսաշարը և բեմի մինիմալիստական հարդարումը ստեղծում են հայկական բնաշխարհի տպավորություն, որի ֆոնին ծավալվում են գործողությունները:
Անուշի դերում հանդես է գալիս Սոֆյա Սայադյանը, Սարոյին մարմնավորում է Լիպարիտ Ավետիսյանը, Մոսիին՝ Գուրգեն Բավեյանը, Անուշի մորը՝ Քրիստինա Սահակյանը, Սարոյի մորը՝ Լիլիթ Սողոմոնյանը: «Անուշ» հայ-ֆրանսիական օպերային մասնակցում է նաև «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյան), խորեոգրաֆիայի, բեմի ձևավորման և հագուստների հեղինակը՝ Նիկոլյա Մյուզեն է, լուսային ձևավորումը Ժան-Մարկ Սկաչկոյինն է, գործիքավորումն ու երաժշտության վերամշակումը՝ Անահիտ Սիմոնյանինը: Բեմադրության դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը: Ընդհանուր առմամբ, 37 հոգի է ներգրաված ներկայացման մեջ, այդ թվում նաև երաժիշտները, երգչախումբը: Կան դրվագներ, որոնց մեջ խաղում են նաև երգչախմբից կամ նվագախմբից:
Նշենք, որ Հայաստանում «Անուշ»-ը կցուցադվի նաև ապրիլի 27-ին, մայիսի 3-ին, 4-ին: Փարիզում «Անուշը» հանդիսատեսի դատին կհանձնվի մայիսի 22-26-ը, «Նանտեռի Ամանդյե» թատրոնում:
Նախագիծը իրականացրել են Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները, «Դելտա քալչր» ասոցիացիան, «Նանտեռի Ամանդյե» թատրոնը, Օ-դը-Սենի գլխավոր խորհուրդը: