Տնտեսության և խաղաղության ինստիտիուտ. Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր պետությունն է
Տնտեսության և խաղաղության ինստիտիուտը (Institute for Economics and Peace) հրապարակել է «Խաղաղասեր պետություններ» 2012թ. ամենամյա վարկանիշային հետազոտությունը, ըստ որի՝ աշխարհի 158 պետությունների շարքում Հայաստանը կրկին զբաղեցրել է տարածաշրջանում առաջին վարկանիշային հորիզոնականը՝ գերազանցելով Վրաստանին և Ադրբեջանին:
2012թ.-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 115-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 132-րդ, իսկ Վրաստանը՝ 141-րդ հորիզոնականը: Ուշագրավ է, որ Հայաստանը խաղաղասիրության առումով առաջատար է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև գերազանցում է Թուրքիային (130), Իրանին (128) և Ռուսաստանին (153): Ընդհանուր վարկանիշային սանդղակում առաջատարը Իսլանդիան է:
Նշենք, որ Տնտեսության և խաղաղության ինստիտիուտը ոչ առևտրային հետազոտական կազմակերպություն է, որը 2007թ.-ից սկսած հրապարակում է վարկանիշային հետազոտություններ: Ինստիտուտը մշակում է նաև խաղաղության ազգային ինդեքսներ, որոնցում խորը վերլուծության է ենթարկվում պետության ներքին խաղաղության մակարդակը:
Տեղեկացնենք նաև, որ կազմակերպության վարկանիշային հետազոտության արդյունքներով 2011թ.-ին Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանի ամենախաղաղասեր պետությունը՝ զբաղեցնելով 110-րդ հորիզոնականը: Ադրբեջանը զբաղեցրել է 123-րդ, Վրաստանը՝ 134-րդ, Ռուսաստանը՝ 147-րդ, Թուրքիան 128-րդ և Իրանը՝ 121-րդ հորիզոնականները: