Հրանտ Բագրատյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հեռանա ասպարեզից»
«168 ժամի» հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած պայքարի և գործողությունների մասին, նշել է. «Նման գործչի հետ ոչինչ չի ստացվելու: Ավելի վատ է, որ նա այսքանից հետո՝ որպես քաղաքական գործիչ՝ փորձում է մնալ ջրի երեսին, նա պարզապես պետք է հեռանա ասպարեզից, որովհետև երբ ժողովուրդը մի անգամ գործչի վրա դրույք է կատարում՝ չի ստացվում, նա արդեն պիտի հեռանա։ Օրինակ` ԱՄՆ-ում երբեք ընտրություններում պարտված թեկնածուն այլևս չի վերադառնում քաղաքականություն»:
Հրանտ Բագրատյանը նաև ասել է. «Երբ ես ասում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանը պոպուլիստ է, սա վիրավորական չէ: Պոպուլիստ ասելով` նկատի ունեմ, որ նրա առջև և ծրագրային, և ստրատեգիական, և տակտիկական առումներով ժողովրդին հաճոյանալու, արտաքին կաղապարին դիմելու, կարճաժամկետ էմոցիաներ դրդելու, գրգռելու քաղաքականություն է: Սա վատ չէ: Բայց սա պոպուլիստներին բնորոշ գործելակերպ է: Վերջին 4-5 ընդդիմադիր ղեկավարներն, իմ կարծիքով, բացի Տեր-Պետրոսյանից, եղել են պոպուլիստ: Ով ուզում է, թող նեղանա: Րաֆֆի Հովհաննիսյանը, իր այդ բարևներին զուգահեռ, մեզ չի հրամցրել ծրագիր, գործողությունների տեսլական: Ավելին, երբ ես ուշադրությամբ լսում եմ` նա ինչ է ասում, տեսնում եմ, որ այնտեղ առկա է մտածված գործողությունների պակաս:
Նա փորձված մարդ է, ինչ-որ բան հասկանում է, և երբ նա դիմում է էմոցիաներին, նույնպես մտածված է անում: Բայց նրա մակարդակը չի համապատասխանում հասարակական այն պահանջներին, որ կարողանա երբևիցե որևէ բան փոխել: Ես չեմ ուզում դրա վրա ժամանակ կորցնել, որովհետև մեր կյանքը գնում է: Բողոքող զանգվածն իր ետևից գնաց, լավ արեց, բայց այդ բողոքող դեմոսին ուզում եմ հիշեցնել՝ հաջորդ երեք տարին նորից այդպես էլ կանեք,կգնաք Ազատության հրապարակում մի քանի օր կերգեք, կպարեք, կուրախանաք, կգոռգոռաք ու կցրվեք տուն»: