Թուրք ուսանող. «Կյանքումս առաջին անգամ հայերի հարցում ինձ վատ զգացի»
«Ermenihaber.am» լրատվական կայքը ներկայացրել է մի թուրք ուսանողի խոստովանական պատմությունը, որը տեղ է գտել նաև թուրքական մի քանի կայքերում: Իր հոդվածում Բարըշ Մումյաքմազ անունով ուսանողը պատմում է, թե հայերեն սովորելը ինչքան բան է փոխել իր աշխարհայացքում:
Ստորև ներկայացնում ենք հոդվածի հիմնական մասը:
«Որոշ մարդիկ գործնական նպատակներով, որոշները զբոսնելու համար, որոշներն էլ նոր աղջիկների հետ ծանոթանալու համար գնում են նոր լեզու սովորելու: Ես էլ «զգալու» համար գնացի:
2009 թվականին Բոստոնում աշխատում էի մագիստրոսական թեզիս վրա, որը նվիրված էր հակամարտությունների կարգավորմանը: Տարբեր երկրներից եկած համակուրսեցիներս աշխատում էին իրենց տարածաշրջանում առկա հակամարտությունների ուղղությամբ, իսկ ես որոշեցի հայացքս ուղղել դեպի Հայկական հարցը: Հայկական հարցի մասին տեղեկացված էի, սակայն մի բան պակաս էր թվում: Ու ես որոշեցի հայերեն սովորել: Որոշեցի հաճախել շաբաթական 2 անգամ անցկացվող հայոց լեզվի դասընթացներին, որոնք կազմակերպվել էր Ամերիկայի հայկական հետազոտությունների ու աշխատանքների միության կողմից:
Երբ առաջին դասին մի քիչ ուշացումով հասա միության շենք, միջանցքում ոչ ոք չկար, միայն պատերին փակցված Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող անգլերեն հին թերթերն ու պաստառներն էին աչքի զարնում: «Վերջս եկավ» մտածում էի, երբ ինքս էլ չհասկացա, թե ինչպես հայտնվեցի լսարանում:
- Բարև, Բարըշ -, լսեցի մաքուր թուրքերենով խոսող կնոջ ձայնը,- ես Անահիտն եմ: Բարով ես եկել հայերենի դասընթացին:
Մի պահ մտածեցի, թե երազի մեջ եմ, բայց շուտով ամեն ինչ հասկացա, երբ պարզվեց, որ Անահիտը 1915-ի հայկական ջարդերից փրկված և Ամերիկա գաղթած հայի սերունդ է:
Այսպես սկսելով իմ եռամսյա հայերենի դասընթացը` բավական բարձր առաջադիմություն ունեցա: Ոսումնառությանս վերջին օրերին Անահիտը մեզ խնդրեց մեր իմացած հայկական անուններով նախադասություններ կազմել: Ես թվարկեցի իմ հիշած բոլոր հայկական անունները` Հրանտ, Ռաքել, Նորա, Սևան, Սայաթ:
Անահիտը զարմանալով ինձ հարցրեց, թե որտեղից գիտեմ այդ հնաոճ հայկական անունները:
Այդ ժամանակ ես նրանց Կ.Պոլսից պատմեցի: Պատմեցի, թե ինչ է կատարվել հունվարի 19-ին. պատմեցի, որ Թուրքիայում ՀՐԱՆՏ անունը ամենևին էլ հնացած չէ: Պատմեցի, թե ինչպես էին խղճի խայթ ունեցող բազմաթիվ մարդիկ «Բոլորս Հրանտ ենք» գոչելով փողոց դուրս եկել:
Բոլորն ինձ էին նայում ու մտածում. «Այս անգամ խոսելու է»: Սակայն ես չկարողացա նրանց ասել, որ 1915-ի դեպքերը ընդունում եմ որպես ցեղասպանություն, որ կիսում եմ նրանց ցավը, թեև որպես հակամարտությունների խնդրով զբաղվող ուսանող, շատ լավ գիտեի, թե ինչ պետք է ասել տուժող կողմին: Բայցևայնպես ոչինչ չկարողացա ասել, որովհետև մի պահ ներսս այնպիսի մի մեղքի զգացումով պատվեց, որ լեզուս պապանձվեց: Կյանքումս առաջին անգամ, որպես թուրք, հայերի հարցում ինձ վատ զգացի:
Դասընթացը վերջացավ ու ես երկար ժամանակ Հայկական հարցի վրա չաշխատեցի: Շոկի մեջ էի: Հիմա եմ միայն հասկանում, որ այդ շոկը պետք է ապրեի, որպեսզի կարողանայի շատ բաներ հասկանալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում