Արցախի նախագահը Ֆրանսիայում է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երեկ երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նախագահին ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արցախի նախագահն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական նշանակության որոշ հիմնախնդիրներ, ինչպես նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման և հայրենքի հետ կապերի ամրապնդման գործում:
Արցախի Հանրապետության նախագահը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիայում Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է այս հարթություններում երկու հայկական հանրապետությունների դիվանագիտական առաքելությունների սերտ համագործակցությունը` այն համարելով կարևոր նախապայման ցանկալի արդյունքների հասնելու համար: