Մեկնարկում է «բազմաոճ ու հետաքրքիր» «Ազգային Պատկերասրահ» իններորդ փառատոնը
Ապրիլի 28-ին մեկնարակելու է «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնը: Փառատոնը նվիրվում է ականավոր երաժիշտ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, 2006-2012թթ. Փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին: Այս մասին ասուլիսում հայտարարեց փառատոնի հիմնադիրներ, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը:
«Մեզ համար կարևոր է այս փառատոնը, քանի որ առաջին անգամ է, որ ներկայացնում ենք այն առանց մեր գեղարվեստական խորհրդի նախագահի` Էդվարդ Միրզոյանի»,- ասաց նա:
Փառատոնը շարունակվելու է մինչև մայիսի 21-ը: Ծրագրով նախատեսված է վեց համերգ, որոնց ընթացքում, ըստ Մ. Շահինյանի, տարբեր ոճի երաժշտություն է հնչելու, տարբեր գործիչներ են ներկայացվելու. «Հետաքրքիր ու բազմաոճ համերգներ են լինելու»:
Փառատոնի հիմնադիրի խոսքով, փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ և օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է արվեստասեր հասարակայնությանը: Ըստ նրա, դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելու հետ մեկտեղ, այն նաև խնդիր ունի հասարակայնության լայն շերտերին ծանոթացնելու Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը, այնտեղ պահպանվող գուխգործոցներին:
«Երբ ներկայացվում են ճիշտ ծրագրեր և դրանք կատարվում են պրոֆեսիոնալ երաժիշտների կողմից, այդ համերգները հանդիսատեսի կողմից ընդունվում են: Մեր փառատոնն ունի ոչ միայն ունի ձևավորված հանդիսատես, այլ տարեց տարի համալրվում է: Այցելում են երաժիշտներ ու երաժշտասեր ունկնդիրներ: Մեծ հետաքրքրություն է առաջանում նաև երիտասարդ ունկնդիրների կողմից»,- ասաց Մ. Շահինյանը:
Փառատոնի հանդիսավոր բացման համերգին մասնակելու են մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը (Շվեյցարիա), Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Համերգի ընթացքում հնչելու է Բախի, Կաչինիի, Վիվալդիի ստեղծագործություններից, Է. Միրզոյանի «Սիմֆոնիա լարայինների և տիմպանիի համար»:
«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Ջուլիետ Գալստյանը, մեցցո-սոպրանո /Շվեյցարիա/, դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը և Հայկ Մելիքյանը,պատանի տաղանդաշատ քանոնահար Նարեկ Կազազյանը, աշխարհահռչակ վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովը /Ռուսաստան/, Էդվարդ Միրզոյանի անվան նորաստեղծ Լարային Քառյակը, ֆլեյտահարուհի Սառա Ուռենան/Իսպանիա/, Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը/սոպրանո/, Արծվիկ Դեմուրչյանը/սոպրանո/, Դիանա Հարությունյանը /սոպրանո/, Պերճ Քարազյանը /տենոր/, Հայաստանի Պետական Կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի և Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է «Արվեստների Պատկերասրահ» մշակութային Հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում