Թուրք հասարակական գործիչ. Կուզենայինք, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը մինչև 2015-ը
Ապրիլի 24-ին Ստամբուլում արդեն չորրորդ անգամ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ինչպես այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց ՀԲԸՄ Եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլա Դավթյանը, սա թերևս առաջին անգամ է, որ մասնակցել են պատվիրակություններ Եվրոպայից: Նրա խոսքով՝ թեև Թուրքիայում կան շատ ազգայնականներ, այնուամենայնիվ, արդեն նման միջոցառումների անցկացումը մեծ առաջընթաց է թուրքական հասարակության համար: «Այսօր թուրք հասարակական գործիչները Երևանում են, և արդեն այցելեցին Ծիծեռնակաբերդ», - ասաց նա:
Իր հերթին ասուլիսի մյուս բանախոս՝ Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման ներկայացուցիչ Բենջամին Արթանը շեշտեց, որ Ցեղասպանության հարցը հայ-թուրքական միջազգային պայքար չէ, այլ՝ պայքար ռասիզմի դեմ: «Մենք պայքարում ենք հանուն մարդու իրավունքների, քանի որ այդ հարցը վերաբերվում է արդարությանը՝ ընդդեմ ժխտողականության, որը տարվում է Թուրքիայի և մի շարք այլ երկրների կողմից: Ցեղասպանության ժխտումը նույն ոճրագործության շարունակությունն է, և այդ պատճառով մենք աշխատում ենք հանուն ապագայի», - ասաց նա: Ըստ բանախոսի՝ այսօր կենդանի մարդկանցից որևէ մեկը չի կրում պատասխանատվություն ցեղասպանության համար, բայց բազմաթիվ կառույցներ՝ դրա ցեղասպանության համար:
«Մենք բոլորս ենք պատասխանատու անցյալում գործածի ճիշտ գնահատականի համար», - ասաց նա, կարևորելով այդ հարցում միջազգային տարբեր կառույցների համերաշխությունը, և այդ շրջանակներում՝ մասնակցությունը Ստամբուլում տեղի ունեցած հիշատակի միջոցառումներին: Նրա խոսքով՝ այսօր ցեղասպանության ժխտողները բերում են նույն փաստարկները, ինչ հնչում էին մինչև ցեղասպանության իրականացումը, սակայն առավել շատ նրանք խոսում էին հատուցման մեխանիզմների մասին: Նրա խոսքով՝ հաջորդ տարի ևս կմասնակցեն Ստամբուլում ոգեկոչման արարողությանը:
«Թուրքիայում կան մարդիկ, որոնք ցանկանում են սատարել հայ դատին և ցեղասպանության ճանաչմանը: Այս տասը տարիների ընթացքում շատ բան է փոխվել և դա հնարավորություն է տալիս սրբագրել Հայոց ցեղասպանության հետ կապված պատմությունը: Եթե մենք կկարողանանք ստիպել Թուրքիայի իշխանություններին ճանաչել Ցեղասպանությունը, ամա մենք կքանդենք հայության հետ ունեցած անջրպետը: Լավ կլիներ, որ թուրքերը կարողանան ազատորեն այցելել Երևան, այցելել Ծիծեռնակաբերդ: Կուզենանք ներկա լինել այստեղ: Կուզենայինք, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը՝ մինչև 2015ը, և պատրաստվում ենք այդ ուղղությամբ ավելի ակտիվանալ՝ նաև հայաստանցիների, սփյուռքահայերի հետ միասին», - ասաց ասուլիսի մյուս բանախոս, թուրքական «Ոչ ասա ռասիզմին և ազգայնականությանը» ՀԿ ներկայացուցիչ Հըլդըզ Օնենը:
Նա նաև քննադատեց Թուրքիայում տեղի ունեցած հայերերի սպանությունը: «Նրանք սպանվեցին, զուտ նրա համար, որ հայ էին», - ասաց նա: