Տիգրան Քյոսայանը` «Սոչին միշտ արևոտ է» ֆիլմի գլխավոր ռեժիսոր
Սոչիում ընթանում են օլիմպիական մարզավանի կառուցման վերջին աշխատանքները: Զուգահեռաբար նկարահանվում է «Սոչին միշտ արևոտ է» պայմանական անվանումով գեղարվեստական ֆիլմը: Հաճելի է, որ նման ծավալուն և պատասխանատու աշխատանքը վստահված է հայազգի կինոռեժիսոր Տիգրան Քյոսայանին: Նա գլխավոր դերակատար է ընտրել Սոչիում ծնված երիտասարդ դերասաններ Արմեն Առուշանյանին (Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին կից գործող ստուդիայի շրջանավարտ է) և Դանա Աբիզովային:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հերոսներն օլիմպիական մարզավանի շինարարներն են և քաղաքի բնակիչները: Սյուժեն մի քանի ուղղություն ունի: Նկարահանող խումբն աշխատում է օրեկան 12-ժամյա խիտ գրաֆիկով: Ֆիլմը ներկայացնում է Սոչիի հարակից գյուղում ապրող Սերաֆիմայի ընտանիքը. ամառ և առաջին բերքահավաքը:
Գլխավոր դերակատար Առուշանյանն ասել է, որ ծանրաբեռնված աշխատանքն իր համար հաճելի է, քանզի ակամա ինքն էլ է ներգրավվում ընթացող շինաշխատանքներում:
Հավելենք, որ գլխավոր ռեժիսոր, 47-ամյա Տիգրան Քյոսայանը հանրահայտ արվեստագետներ, կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանի և վաստակավոր արտիստուհի Լաուրա Գևորգյանի որդին է: Ծնվել է Մոսկվայում, ամուսնացած է դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ և ունի 2 դուստր: Տիգրանը տարբեր ժանրերի 28 ֆիլմերի հեղինակ է:
Ֆիլմի նկարահաանումները կտևեն 2 ամիս: