Ի՞նչ անել. Որոշ թերթեր լուրջ խնդիրների առաջ են կանգնել
Հունվարի 1-ից ուժի մեջ մտած Շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները լուրջ խնդիրների առաջ են կանգնեցրել տպագիր լրատվամիջոցներին. շահութահարկի հետ միասին այժմ էլ շրջանառության հարկ են վճարելու:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը բացատրեց, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրենք ստիպված են եռամսյակը մեկ հարկ վճարել՝ 3, 5 տոկոս թերթի իրացումից և 5 տոկոս՝ գովազդային շահույթներից, մինչդեռ նախկինում տարվա վերջին իրացումից 1-2 տոկոս են հարկ վճարել: Օհանյանն ասաց, որ «Հրապարակն» ունի 3000 տպաքանակ և բացի այդ, կայքէջ, որտեղ կան գովազդներ և այդ պարագայում վճարում են 600-700 հազար դրամ հարկ:
«Այն թերթերը, որոնք ունեն մեծ տպաքանակ, շատ չեն տուժում հարկի առկայությամբ, տուժում են միջին և փոքր տպաքանակով թերթերը, որոնք ունեն ինտերնետային կայքեր և որտեղ կան գովազդներ»,- նկատեց Օհանյանը` նշելով, որ մեծ տպաքանակ ունեցող թերթերից են օրինակ` «Հայկական ժամանակը» և «Առավոտը»:
«Ժողովուրդ» օրաթերթն էլ նույն խնդրի առաջ է կանգնել. Թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն ասաց, որ եթե նախկինում իրենք վճարել են առավելագույնը 250 հազար դրամ, ապա շրջանառության հարկի ներմուծումից հետո այն կազմել է 500 հազար դրամ: Թովմասյանն ասաց, որ օրենքն ընդունելուց առաջ խորհրդարանական լսումներ չեն կազմակերպվել: «Սենյակներում նստել ու որոշել են: Մենք այսօր ուզում ենք վեր հանել խնդիրը, մի քանի պատգամավորների հետ պայմանավորվածություն ունենք, որ փոփոխությամբ հանդես գան և գոնե մամուլը ու գրահրատարակչությամբ զբաղվող ինտելեկտուալ դաշտը հարկվի նախկինի պես», - նշեց Թագուհի Թովմասյանը: