Արթուր Սարկիսով. «Հայաստանի հավաքականը դեռ կարող է պայքարել 2-րդ տեղի համար»
Ռուսաստանյան «Վոլգայի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Կռիլյա Սովետովի» հետ ՌԴ առաջնության 26-րդ տուրի հանդիպումից առաջ «Sportbox»-ի թղթակցին տված հարցազրույցում գնահատել է նաև Հայաստանի հավաքականի ելույթներն ընտրական ընթացիկ փուլում:
«Հավաքականում բոլոր ֆուտբոլիստները հավասար են, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի ակումբներ են ներկայացնում,- նշել է Սարկիսովը:- Բոլորս մեզ հիմնական կազմի ֆուտբոլիստներ ենք համարում, ովքեր միացել են հանուն մեկ նպատակի: Իսկ մրցակցությունը միշտ լավ է: Կարող եմ ասել, որ ներկա պահին հարձակումն ուժեղագույն գիծն է ազգային թիմում:
Մեր առջև խնդիր է դրված մտնել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Հույս ունեինք, որ հիմա նվազագույնը երկու անգամ ավելի միավոր կունենանք: Բայց չարժե բողոքել ճակատագրից կամ մրցավարությունից. գործով ենք պարտվել: Չնայած երկրորդ տեղի համար պայքարը (Իտալիայի ընտրանին, ինչպես երևում է, բաց չի թողնի առաջատարի դիրքը) դեռ չի ավարտվել: Բուլղարիայի, Դանիայի, Չեխիայի ու Հայաստանի հավաքականներից յուրաքանչյուրը խմբից դուրս գալու հնարավորություն ունի: Իմ կարծիքով` նշված թիմերը մոտավորապես նույն մակարդակի են:
Հավաքականի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ որակազրկման պատճառով ստիպված էին բաց թողնել Չեխիայի ընտրանու հետ երևանյան վերջին հանդիպումը: Խաղի ընթացքում նկատելի էր, որ թիմն ավելորդ հուզմունք ունի: Եվ, այնուամենայնիվ, առաջին խաղակեսում վատ չէինք նայվում, մի քանի անգամ հյուրերին փրկեց Պետեր Չեխը: Հանդիպումը կարող էր ընթանալ այլ սցենարով:
Յուրաքանչյուր գոլ ինձ համար կարևոր է, և ես բոլորն էլ հիշում եմ: Հավաքականում, օրինակ, 3 գոլի հեղինակ եմ դարձել` գրավելով Մալթայի, Մակեդոնիայի ու Սլովակիայի ազգային թիմերի դարպասները:
Յուրա Մովսիսյանը հասուն մարդ է և իսկական պրոֆեսիոնալ: Եթե նա որոշել է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ», ուրեմն այդպես էլ պետք է լիներ: Վստահ եմ, որ նա նախկինի պես շատ գոլեր կխփի` դառնալով իր նոր թիմի, ինչու չէ, նաև առաջնության լավագույն ռմբարկուն:
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլրանա այն ժամկետը, որի ընթացքում ես վարձավճարով պետք է հանդես գայի «Վոլգայում»: Ամեն դեպքում` պետք է վերադառնամ «Լոկոմոտիվ», որի հետ գործող պայմանագիր ունեմ: Իսկ հետո մի շարք տարբերակներ են հնարավոր…»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում