Թուրք հասարակական գործիչ. Հայկական բոլոր եկեղեցապատկան հողերը պետք է վերադարձվեն
Խիստ կարևոր է, որ հատուցման հարցը բարձրացվի Ցեղասպանության համընդհանուր ճանաչումից հետո: Այսօրվա ասուլիսի ժամանակ այդ կարծիքը հայտնեց Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման ներկայացուցիչ Բենջամին Արթանը: Ըստ բանախոսի՝ ցեղասպանության ճանաչումը հարկավոր է նախևառաջ նման ոճրագործություների կանխարգելման և պատմական իրողության վերականգնման համար: Իսկ դրանից հետո արդեն առաջ են գալիս իրավական հարցերը:
«Պետք է աշխատել բարձրաձայնելու ուղղությամբ, ժխտողականության դեմ, և դա պետք է արվի հանուն պատմական ճշմարտության և արդարության», - ասաց նա՝ բերելով Գերմանիայի օրինակը, որտեղ հասարակական կարծիքը նույնպես պարտադրեց իշխանություններին հատուցել Հոլոքոստի արդյունքները:
Իր հերթին թուրքական «Ո՛չ ասա ռասիզմին և ազգայնականությանը» ՀԿ ներկայացուցիչ Հըլդըզ Օնենը ևս շատ կարևորեց Հայոց ցեղասպանության հետևանքների հատուցման հարցը: Նրա խոսքով՝ հաճախ պարզվում է, որ Հայոց ցեղասխանության ժխտողականության թիվ մեկ ջատագովները վախենում են իրենց ունեցվածքի համար, որը ժամանակին կուտակվել էր ի հաշիվ այդ ոճրագործության: «Մենք գիտենք մի քանի նման հասարակական գործիչներ, որոնց ունցեվածքում կան նախկին եկեղեցապատկան հողեր», - ասաց նա:
Ըստ բանախոսի՝ այսօր Թուրքիայում ծավալվում է հասարակական մի շարժում, որի շրջանակներում փորձ է արվում անշարժ գույքի սեփականատերերին հրապարակել, թե ումն է եղել իրենց ունեցվածքը նախկինում: «Սա ոչ թե սեփականության վերաբաշխման կամ վերադարձի հարց է, այլ՝ իրավաբանական և պատմական արդարության, մարդկայնության: Եթե կան իրավաբանան փաստաթղթեր, թե ում է պատկանում այս կամ այն անշարժ գույքը, անտարակույս, այն պետք է վերադարձվի օրինական տիրոջը: Պետք է միայն մատնանշել և ապացուցել դա», - ասաց նա:
Անդադառնալով Ամենայն Հայոց և Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսների՝ ապրիլի 24-ին արված կոչ – հայտարարությանը, Հըլդըզ Օնենը նշեց, որ առանց որևէ տարակուսանքի՝ բոլոր եկեղեցապատկան հողերն ու սեփականությունը պետք է վերադարձվի Հայ Առաքելական Եկեղեցուն: Իր հերթին ասուլիսի մյուս բանախոս՝ ՀԲԸՄ Եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլա Դավթյանը շեշտեց, որ պետք է բարձրաձայնվի ոչ միայն նյութական, այլ նաև՝ ոչ նյութական մշակութային արժեքների վերադարձի մասին: «Կաթողիկոսների հայտարարությունից հետո ստեղծվել է նոր մի իրավիճակ, և այսօր մեծապես ամեն ինչ կախված է նաև նրանից, թե ինչպես կընթանան ժողովրդավարական զարգացումները հենց Թուրքիայում», - ասաց նա:
«Բնականաբար, եթե գույքն ապօրինաբար յուրացվել է, այն պետք է հատուցվի: Բայց առկա է մասնավոր գույքի խնդիր և ժամկետների: Պետք է տեսնենք, թե ինչպես է հարցը լուծվել այլ ցեղասպանությունների պարագայում: Մեկ հարյուրամյակ ճանաչմանը սպասելը երկար ժամկետ է, բայց դա կարևոր է նաև հենց հատուցման համար», - իր հերթին հավելեց Բենջամին Արթանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները