Վարդան Արամյան. «Բագրատյանը սխալներ է անում, իսկ Օսկանյանն ինչ առաջարկում է՝ կառավարությունն իրագործում է»
2012թ-ին Հայաստանում գրանցվել է 7.2% տնտեսական աճ. այն արձանագրվել է թե արդյունաբերության, թե գյուղատնտեսության ոլորտներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշները մեկ անգամ ևս վկայում են, որ տնտեսությունն աճում է, ուստի համամիտ չեն այն քննադատությունների հետ, թե տնտեսությունում դրական տեղաշարժեր չեն լինում:
Վ.Արամյանը նշեց, որ ուշադրությամբ հետևում է ընդդիմախոսներին և ունենալով կառուցողական վարքագիծ, նրանց հակադարձում է մասնագիտորեն:
Մասնավորապես, ֆինանսների փոխնախարարը նշեց, որ հետևում է Հրանտ Բագրատյանի և Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումներին: Վ.Արամյանի գնահատմամբ` Վ. Օսկանյանը մասնագետ չէ, սակայն մտել է խորը տնտեսագիտական մեկնաբանությունների մեջ: «Իհարկե նրա որոշ առաջարկներ կարծում եմ համադրելի է ներկայումս կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հ.Բագրատյանին, ապա փոխնախարարի կարծիքով՝ նա մի անձնավորություն է, որն իրեն վերագրում է բարձրագույն տնտեսագիտական տիտղոսներ, տարրական սխալներ կատարելու իրավունք չունի: «Օրինակ՝ 7.2% տնտեսական աճի մասով քննադատություն հնչեց, թե ինչպես եղավ՝ ունենք գների աճ, իսկ իրականում թվերը իրար հետ չեն համապատասխանում: Նշանակում է՝ ըստ Բագրատյանի, որ 7.2%-ը փուչիկ է, մինչդեռ Հ. Բագրատյանն իր ֆեյսբուքյան հայտնի գրության մեջ խառնել է դեֆլյատորը, բայց պարզ է, որ Բագրատյանը շատ լավ հասկանում է գնաճի և դեֆլյատորի տարբերությունը»,- ասաց Վ. Արամյանը: Նրա խոսքերով՝ դեֆլյատորի տարբերությունն այն է, որ այն չի ներառում ներմուծված ապրանքների գները, իսկ գնաճը ներառում է ներմուծված ապրանքների գները: Այդ պատճառով դեֆլյատորը 2012 թ-ին կազմել է -1.6%, իսկ սպառողական գների աճը` 2.6%:
Անդրադառնալով Վ.Օսկանյանի գրառմանը, թե հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները եղել են զսպող, Վ.Արամյանը նշեց, որ իրականում հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է թույլ զսպող, գրեթե` չեզոք, իսկ դրամավարկայինը՝ տնտեսությանը նպաստող: «Այսինքն՝ մենք կարողացել ենք հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները ճիշտ կոորդինացնել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կառուցվածաքային բարեփոխումներին, ապա այս մասով Օսկանյանի հետ համամիտ են, իսկ հարկաբյուջետային քաղաքականության մասով` 3 առաջարկներից մեկի հետ համաձայն չեն, իսկ մյուս երկուսն արդեն իրագործում են: «Խոսքը վերաբերում է փոքր և միջին բիզնեսի թեթևացմանը, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը, սահմանային անցակետերի արդիականացմանը և այլն: Այսինքն՝ Վ. Օսկանյանն ինչ առաջարկում է՝ կառավարությունն իրագործում է»,- ընդգծեց Վ.Արամյանը:
Նա միաժամանակ նշեց, որ համաձայն չեն Վ. Օսկանյանի այն մտքի հետ, թե աշխատավարձերն ու թոշակները պետք է կտրուկ բարձրացնել: Իհարկե, ըստ Արամյանի, բարձրացնելուն կողմ են, բայց կտրուկ բարձրացմանը՝ ոչ: Իրենք կողմ են աստիճանական բարձրացմանը:
Կառավարությունը, փոխնախարարի խոսքերով, համաձայն է նաև Վ. Օսկանյանի այն մտքի հետ, որ փոխարժեքին պետք է թողնել ինքնուրույն արժեզրկվել: «Այսօր ԿԲ-ի միջամտությունը արժութային շուկայում հասցված է նվազագույնի, իսկ 2012թ-ից դրամն արժեզրկվել է»,- նշեց Վ. Արամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա