«FrontPage Magazine». Լռությունը միշտ ցեղասպանություն իրականացնողների դաշնակիցն է
«FrontPage Magazine»-ը հրապարակել է Ռայմոնդ Իբրահիմի` «Մոռացված ցեղասպանություն. ո՞րն է այսօր նրա նշանակությունը» խորագրով հոդվածը: Հոդվածում հեղինակը մասնավորապես գրում է.
«Եթե 20-րդ դարի սկզբին Թուրքիան ունենար զանգվածային պատժի տեխնոլոգիաներ, ինչպես Գերմանիայում 1940-ականներին գազի խցիկները, ապա ողջ հայ ժողովուրդը, հնարավոր է, կբնաջնջվեր: Առավել օբյեկտիվ ամերիկացի պատմաբանները, ովքեր հարցն ուսումնասիրել են, համաձայն են, որ դա կանխամտածված, հաշվարկված ցեղասպանություն էր:
Իսկապես, ապացույցները բավականին շատ են: 1920թ. ԱՄՆ Սենատի թիվ 359 բանաձևը վկայություններ է պարունակել, այդ թվում` «բռնությունների, խոշտանգումների, մահվան» ապացույցներ:
Ի՞նչ գիտեն ամերիկացիները Հայոց ցեղասպանության մասին: Պետք է նշել, որ ամերիկյան մի քանի դասագրքեր ճանաչում են այն: Այդուհանդերձ, նրա գլխավոր պատճառներից, հնարավոր է, ամենահիմնականը, բացարձակապես ճանաչված չէ` կրոնականը: Ցեղասպանությունը մշտապես ձևակերպվում է աշխարհիկ պարադիգմայի օգնությամբ, որը միայն այն գործոններն է ծանրակշիռ համարում, որոնք ընկալելի են ժամանակակից, աշխարհիկ, արևմտյան տեսակետից, այնպիսին, ինչպես ինքնության քաղաքականությունը, ազգայնականությունն ու տարածքային վեճը: Ինչպես և կարելի է պատկերացնել, նման մոտեցումը արևմտյան տեսակետը տեղափոխում է տարբեր դարաշրջանների տարբեր քաղաքակրթությունների վրա, ինչը պատմության առումով ժամանակավրեպ է:
Պատերազմն, իհարկե, ևս մեկ կարևոր գործոն է, որը քողարկել է Հայոց ցեղասպանության իրական դեմքը: Սակայն դեռ Ուինսթոն Չերչիլը, ով զանգվածային սպանությունները «ադմինիստրատիվ հոլոքոստ» է համարել, իրավացիորեն նկատել է, որ Առաջին համաշխարհային պատերազմը «թուրքական հողը քրիստոնյաներից մաքրելու հնարավորություն ընձեռեց»:
Այսօր նույնպիսին իրավիճակ է ողջ մահմեդական աշխարհում, ամենուր, որտեղ կա պատերազմ. այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն տապալեց իրաքյան բռնակալ Սադամ Հուսեյնին, երկրի քրիստոնեական փոքրամասնությունը դարձավ սիստեմատիկ հետապնդման առաջին թիրախը, որը հանգեցրեց նրան, որ Իրաքի բնիկ քրիստոնյա ժողովրդի մոտ կեսը հեռացավ իր հայրենիքից: Հիմա, երբ պատերազմ է Սիրիայում, իսկ ԱՄՆ-ն աջակցում է ջիհադիստներին և ահաբեկիչներին, քրիստոնյաները փախչում են` իրենց կյանքը փրկելու համար:
Ոչ մի կասկած չկա, որ կրոնը հիմնական նշանակություն է ունեցել Հայոց ցեղասպանության հարցում: Բացի այդ, հաճախ են մոռանում այն փաստը, որ թուրքական հեգեմոնիայի տակ գտնվող ասորիներն ու հույները նույնպես զտումների թիրախ էին:
Հայոց ցեղասպանության մասին ապացույց է նաև այն, որ ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտ 1918 թ.-ի մայիսի 11-ի Կլիվլանդ Հոդլի Դոջին ուղղված իր նամակում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը նշել է, որ «հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է... ձախողում, որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են»:
Իսկ լռությունը միշտ ցեղասպանություն իրականացնողների դաշնակիցն է: Ժամանակին Ադոլֆ Հիտլերը ռացիոնալ բացատրություն է տվել իր ծրագրերին, երբ հարցադրում է արել, թե ով է հիշում հայերի կոտորածի մասին: Իսկ ո՞վ է այսօր խոսում իսլամական աշխարհում քրիստոնյաների ոչնչացման մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները