Բաց դաս` Էրեբունի թանգարանում
Այսօր «Էրեբունի» արգելոց-թանգարանը հյուրընկալել է Քլերմոն Ֆեռանի /Ֆրանսիա/ ճարտարապետության բարձրագույն դպրոցի 9 ուսանողների, որոնք Երևան են ժամանել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ 2002թ. կնքված փոխհամագործակցային համաձայնագրի շրջանակում:
Այս մասին հայտնում են թանգարանի լրատվական ծառայությունից:
Պարբերաբար կազմակերպվող ուսանողների փոխանակություններն այս տարի արդեն 17-րդն են և նպատակ ունեն տեղում ընտրված որևէ կառուցապատման սեկտորի օրինակում կատարել ճարտարապետական միջավայրի վերլուծություն:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ով նաև դասավանդում է Քլերմոն Ֆեռանի ճարտարապետական դպրոցում, Էրեբունի թանգարանում վարել է բաց դաս` հանդես գալով հայկական ճարտարապետության մասին ներածական դասախոսությամբ: Նա ֆրանսիացի ապագա ճարտարապետ-քաղաքաշինարարներին ծանոթացրել է Երևանի 20-30-ականների ճարտարապետությանը և մասնավորապես անդրադարձել է խորհրդահայ ճարտարապետներ Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի և Կ. Հալաբյանի ճարտարապետական ժառանգությանը: Արև Սամուելյանը նաև տեղեկացրել է, որ ուսանողները գործնական աշխատանքներ կիրականացնեն Երևանում պահպանվող Կիրովի անվ. գործարանի բանավանի բնակելի թաղամասում, որը կառուցվել է 1932թ. և այդ օրինակի վրա կփորձեն մասնագիտական վերլուծություն կատարել: Ա. Սամուելյանը խորհրդանշական է համարել այն, որ 1-ին անգամ Երևանում գտնվող ուսանողները ծանոթությունը մայրաքաղաքի հետ սկսել են հենց Էրեբունի հնավայրից:
Ուսանողներն այնուհետև դիտել են Էրեբունի թանգարանի հիմնական ցուցադրությունը, ծանոթացել են «Հողի հիշողությունը. Արցախ» ժամանակավոր ցուցահանդեսին և այցելությունն ավարտել են Էրեբունի ամրոցի միջնաբերդում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա