Ինչո՞ւ են մարդիկ քվեարկում իշխանության օգտին
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` «Голос Армении»-ն փաստում է, որ դեռ ընտրությունները չսկսկած՝ ընդդիմությունն արդեն իր հին սովորության համաձայն խոսում է վերջիններիս կեղծված լինելու մասին:
«Գուցե պարոնայք ընդդիմադիրներն իսկապե՞ս չեն հասկանում, թե ինչու երկրում առկա բոլոր խնդիրներով հանդերձ, այնուամենայնիվ, հաղթում է իշխանությունը»,-հարցադրում է ներկայացնում թերթը և հավելում. «Գուցե պատճառն այն է, որ բացի «Բարև» դաշինքից մնացած բոլոր ընդդիմադիրներն արդեն եղել են իշխանության գլուխ վաղ և ոչ շատ վաղ անցյալում, և ընտրողներն էլ պարզ գիտակցում են, որ այդ ընդդիմության հաղթանակի պարագայում իրավիճակը շատ ավելի վատ կլինի, քան հիմա է»:
«ГА»-ն հիշեցնում է, որ ոչ այդքան վաղ անցյալում նախարարական պորտֆելներ ունեցող ԲՀԿ-ն ոչինչ չարեց իրենց ղեկավարած բնագավառների զարգացման համար, ավելին` ԲՀԿ-ն մի շարք քաղաքապետեր ունի Հայաստանի մյուս քաղաքներում. «Ի՞նչն է խանգարում բարգավաճականներին սկսել հենց այդ քաղաքներից»: Մեկնաբանելով ԲՀԿ-ի ավագանու ընտրացուցակի առաջին համար Վ. Օսկանյանի հայտարարությունն առ այն, թե իր քաղաքապետ դառնալու դեպքում ինքն իր օտարերկրյա կապերի միջոցով ներդրումներ կբերի մայրաքաղաք` թերթը գրում է. «Ինչո՞ւ պարոն Օսկանյանը չի կիրառում իր ազդեցիկ կապերը Գյումրիում ներդրումներ անելու համար, չէ՞ որ Գյումրիում իրավիճակը շատ ավելի ծանր է: Պատասխանն ակնհայտ է` ընտրությունների նախաշեմին պարոնները պարզապես զբաղված են խաբեությամբ»: