«Ուղղակի ծիծաղելի է». Մատաղիսյան մղձավանջը շարունակվում է. Եղիազարյաններն ու զինդատախազությունը բողոքարկել են
«Մատաղիսի գործ»-ով արդարացված Արայիկ Զալյանն այսօր առավոտյան «աչքալուսանք» է ստացել. Նրան նամակով տեղեկացրել են, որ Հայաստանի զինվորական դատախազությունը բողոքարկում է «Մատաղիսի գործ»-ով ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Վերաքննիչ դատարանը որոշել էր ուժի մեջ թողնել 2012-ի դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որի համաձայն գործով անցնող երեք տղաները` Արա Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը արդար են, իսկ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության (2003-ինմ Մատաղիսի զորամասում) բացահայտման համար նոր քննություն պետք է իրականացնել:
Զինդատախազությունը Վճռաբեկ բողոքը ներկայացրել է ապրիլի 23-ին: Այդ օրերին Վճռաբեկ դատարանին բողոք է ներկայացրել նաև սպանված զինծառայողներից Ռոման Եղիազարյանի մայրը` Գոհար Մելքոնյանը: «Ինչքան բողոքելու տեղ լինի, կբողոքեմ: Գուցե օրենքն արդար վարվի մարդասպանների հանդեպ», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տիկին Գոհարը` նշելով, որ իրենք բողոքը ներկայացնելիս դարձյալ հիմնվել են Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքների վրա:
Նկատենք, որ մեկ ամսվա ընթացքում կորոշվի` բողոքները վարույթ ընդունվե՞լ են, թե՞ ոչ:
Արայիկ Զալյանը վստահ է, որ Վճռաբեկը մերժելու է ներկայացված բողոքները, որովհետև նույն պատճառաբանություններն են, նույն բովանդակությունը: «Ժամանակ են ձգում, ուրիշ ոչ մի բան: Ուղղակի ծիծաղելի է` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննված ու հետազոտված փաստական հանգամանքները կասկածի տակ դնելը միայն Ռազմիկ Սարգսյանի կողմից տված ցուցմունքների հետ համեմատոլով: Ակնհայտ է, որ ուղղակի ժամանակ են ձգում, որ մի քիչ ավելի ուշ օրինական ուժ ստանա ուրիշ ոչինչ», -մեզ հետ զրույցում մեկնաբանեց Արայիկ Զալյանը:
«Մատաղիսի գործ»-ով քննության ու դատաքննության տասը տարի ձգվելը, ըստ Զալյանի, վկայում է, որ նախաքննական մարմինը ոչ պրոֆեսիոնալիզմ է դրսևորում և թեպետ տղաներին դատապարտելու համար շահագրգռված նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը փոխվել է, այնուամենայնիվ գործելաոճում փոփոխություն չկա: «Կոնկրետ մեր գործով անօրինական հետապնդումների գլխում կանգնած էր նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, եվ թեկուզ հիմա համակարգում մարդիկ են փոխվել, բայց մեկ է` շարունակում են նախկին զինդատախազի աշխատանքները», -նկատեց մեր զրուցակիցը:
«Մատաղիսի գործ»-ով Վերաքննիչ դատարանի որոշման բողոքի մասին տեղեկություն ստացել են նաև սպանված մյուս զինծառայող Հովսեփ Մկրտումյանի ծնողները: Նրանք էլ ցանկանում են, որ իրենց որդու սպանությունը կատարողները դատապարտվեն, սակայն համոզված են, որ այդ հանցագործությունը արդարացված տղաները չեն գործել: Սպանված զինծառայողի մայրը` տիկին Գրետան ասում է, որ մինչև վերջ պաշտպանելու են տղաներին ու պահանջելու են, որ գտնեն իրական հանցագործներին:
«Թե ինչի են նորից բողոք ներկայացրել, չեմ հասկանում: Դրա փոխարեն պետք ա նոր քննություն սկսեին, նոր մարդկանց կանչեին հարցաքննեին, պարզեին իրական մարդասպաններին: Բայց դրա փոխարեն նույն կեղծիքով բողոք են ներկայացրել»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Գրետան: Նրա համար զարմանալի է, թե ինչու է նույն բողոքը ներկայացրել զինդատախազությունը, եթե և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, և Վերաքննիչ դատարանը արդարացրել էին տղաներին:
Սպանված մյուս զինծառայողի` Ռոման Եղիազարյանի մայրը հակառակը ասում է, որ դատական նախկին ատյաններում գործը անարդար է քննվել: «Վերաքննիչն էլ, Գյումրիի դատարանն էլ խարդախ վարվեցին: Հիմա ես իմ խելքով, իմ մայրական խղճով առաջ եմ գնում, ով ուզում ա իմ հետևից գա, ով ուզում է` չգա, միայն դատավորները մի քիչ խիղճ ունենան»,-ասաց նա:
Առնչվող հոդվածներ. «Մատաղիսի գործ». Սպանված զինծառայողի մայրը պնդում է` մարդասպաններ են, իսկ պաշտպանը առարկում
Ինչո՞ւ է զինդատախազությունը բողոքարկել «Մատաղիսի գործ»-ով վճիռը
Կոստանյանը չի կարծում, որ «Մատաղիսի գործ»-ը իր կոկորդին կանգնած ոսկոր է