Օբամա. Սիրիայում քիմիական զենքի կիրառումը փոխում է հակամարտության նկատմամբ դիրքորոշումը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է Սիրիային, որ քիմիական զենքի կիրառումը ԱՄՆ-ի համար շրջադարձային կլինի, սակայն պարզ նշել է, որ չի շտապում միջամտել քաղաքացիական պատերազմին միայն հիմնվելով նախնական տվյալների վրա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Սարսափելի է, երբ առանց տարանջատելու հրետանուց կրակ է բացվում քաղաքացիների և մարդկանց վրա, սակայն խաղաղ բնակիչների նկատմամբ զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Դա ստիպում է վերանայել Սիրիայի հակամարտության նկատմամբ մեր դիրքորոշումը: Մենք պետք է զգույշ գործենք և մանրամասն ուսումնասիրենք իրավիճակը: Սակայն կարծում եմ, որ բոլորը կհամաձայնվեն, որ մենք չենք կարող մի կողմ քաշված մնալ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը:
Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը կարմիր գծի հատում կնշանակի, ինչը կարող է հանգեցնել ռազմական միջամտության:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Իսրայելը Սիրիայի իշխանություններին մեղադրել էր ապստամբների դեմ զարին գազ կիրառելու մեջ: Այդ տեսակի գազն ազդում է մարդկանց նյարդային համակարգի վրա: Այդ տվյալները հաստատել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը, իսկ ապրիլի 25-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, հղում կատարելով ամերիկյան հետախուզության տվյալների վրա, հայտարարել էր, որ Միացյալ նահանգները բավականին հավաստի տվյալներ ունեն, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել, սակայն դրա համար դեռ ապացույցներ են պետք: