Հայաստանում շուրջ 9000 զույգ արտամարմնային բեղմնավորման կարիք ունի
«Ժամանակը» զրուցել է Մարդու պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանի հետ. «Հաճախ զույգերը գալիս են, ամեն ինչ նորմալ է, բայց երեխան չի ստացվում: Չնայած դրան՝ պետք է ասել, որ անհայտ պատճառով անպտղություն եթե կա, մենք գիտենք ինչպես բուժել: Սա պարադոքս է, սակայն բժշկության մեջ նման բան լինում է: Երբեմն անպտղությունը կարող է շատ թեթև միջամտությամբ բուժվել, հնարավոր է՝ յոգաթերապիայի միջոցով հասնել. կնոջ միջից հանեն սրթեսը, հորմոնալ վիճակը բերեն նորմայի, և կինն իր ուժերով կհղիանա: Հնարավոր է նաև բժշկական միջամտություն, ինչպես նաև ամենաբարդ մեթոդը, որը արդեն արտամարմնային բեղմնավորումն է: Կախված նրանից, թե կնոջ վերարտադրողական օրգանների խնդիրն է, թե տղամարդու՝ բժիշկն արդեն գիտի իր գործը: Անպտղությունը զույգի խնդիրն է, մենք չենք ասում սա կնոջ կամ տղամարդու խնդիրն է։ Շուրջ 9000 զույգ այսօր Հայաստանում արտամարմնային բեղմնավորման կարիք ունի: Մեկ փորձը` ողջ ծախսերով միասին, արժե 3000-3500 դոլար: Սակայն արդյունքի համար կարևոր է զույգերի տարիքը, միջինը 40 տոկոս զույգերի մոտ այն ունենում է դրական արդյունք»: