Դադարեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը
Թուրքական «Rayhaber» լրատվական կայքի տեղեկացմամբ` դադարեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը: Տեղում շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Կարս է մեկնել Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Արդահան շրջանի պատգամավոր Էնսար Օղութի գլխավորած պատվիրակությունը: Կարսում պատգամավորին զեկուցել են այն մասին, որ տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի կողմից նախաձեռնված «Կանչի կենտրոն» ստորաբաժանման աշխատակիցների թիվը կրճատվել է մինչև 20-ի, մինչդեռ հարյուրավոր մարդիկ են պետք արդյունավետ աշխատանքի համար: Պատգամավորը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Կարսից արտագաղթը դադարեցնելու համար շատ կարևոր է մարդկանց զբաղվածության խնդիրն ապահովելը:
Իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության վերաբերյալ Էնսար Օղուն իրազեկվել է, որ շինաշխատանքները մի քանի ամիս է, ինչ դադարեցվել են:
«Կովկասի դարպասը հանդիսացող այդ երկաթուղու շինարարության դադարեցումը ցավալի է»,- նշել է թուրք պատգամավորը` Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատկան մարմիններին կոչ անելով խնդրի լուծման համար մոտակա ժամանակները գագաթնաժողով հրավիրել և արագ ընթացքի մեջ դնել երկաթուղու շինարարությունը: Նա մտահոգություն է հայտնել, որ 2013 թվականին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման հանձնելու ծրագիրը ձախողվել է և փաստորեն արդեն կասկածելի է թվում, որ նույնիսկ 2014-2015 թվականներին դա հնարավոր կլինի իրականացնել: