Զանգերով հարցեր չեմ լուծել. Աշոտ Աղաբաբյան
Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը համաձայն չէ այն հայտարարություններին, թե Գյումրին կրիմինալ քաղաք է: «Ո՞նց կարող է Գյումրին կրիմինալ քաղաք լինի: Կրիմինալ մարդիկ են, քաղաքը չի կարող լինել կրիմինալ», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)` պատասխանելով Panorama.am-ի հարցին:
Մեր դիտարկմանը, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում ապրիլի 23-ին կատարվածից հետո հայտարարել էր, թե իր տեղակալին զանգել են պատգամավորներ, խնդրել հնչեղություն չտալ գործին ու ասել` «դուք պատգամավոր ե՞ք, թե՞ գողական, արա», Աղաբաբյանը պատասխանեց կարճ. «Ով ինչքան կրթվածություն ունի, այնքան կարողանում է խոսել»:
Հետաքրքրվեցինք նաև, թե փաստորեն եղե՞լ է նման ավանդույթ, երբ պատգամավորները զանգել են փոխոստիկանապետերին ու հարցեր լուծել, Աղաբաբյանը պատասխանեց. «Ես էդպիսի բաներ չեմ արել, զանգերով հարցեր չեմ լուծել, չգիտեմ»:
Աղաբաբյանը պնդեց, որ Գյումրին երբեք «հանցագործ քաղաք» չի եղել, և այնտեղ եղած հանցագործների պատճառով մի ամբողջ քաղաք պետք չէ համարել հանցագործ: «Ամենաակտիվ, ամենահայրաքաղաք, հումորի երկիր է, ոնց կարելի է Գյումրին համարել հանցագործ քաղաք», -հավելեց Աղաբաբյանը:
Իրավիճակի փոփոխության վերաբերյալ Աղաբաբյանն ասաց, որ իր համար ճշմարտության չափանիշը «ապրել, տեսնելն է»: Լրագրողի հարցին, թե ապրիլի 23-ին կատարվածն արդյո՞ք անպատժելիության մթնոլորտի արդյունք չէ, Հանրապետական պատգամավորն ի պատասխան, ասաց. «Դա գործադիր մարմնի գործն է, իմ կարծիքով, ժամանակին խնդիրները կլուծվեն: Չկա մի երկիր, որ անպատժելիություն չլինի»: