Պարի միջազգային օրն է. «Պարն է արտահայտում յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը»
Յուրաքանչյուր մշակույթ պետք է ունենա ազգային հիմք: Ասուլիսում նման համոզմունք հայտնեց «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` խոսելով հայկական ավանդական-ազգայինի և ժամանակի պարերի մասին: Նա նաև մեջբերեց Կոմիտասի խոսքերը. «Պարն է արտահայտում յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը»:
Նշենք, որ այսօր պարի միջազգային օրն է:
Գ.Գինոսյանը նաև բարձրաձայնեց, որ հայկական ավանդական պարերը չեն պրոպագանդվում հեռուստատեսությամբ ու, ընդհանրապես, որևէ բան չի արվում հայկական ավանդական մշակույթը պահպանելու համար, մինչդեռ` «ավանդական մշակույթը, պարը ձևավորում ու հարյուրամյակներ շարունակ ձևավորել է մեր տեսակը»:
Նրա պնդմամբ, ավանդական պարերը պետք է մեր կրթահամակարգի անբաժանելի մասը դառնան: Գ. Գինոսյանն ասաց, որ «Կարին» համույթը վերականգնել է 15 ռազմապար: Պարուսույցի խոսքով, զինվորների դաստիարակության անբաժանելի մասը պետք է դառնան նաև ռազմապարերը, սակայն…:
Սպորտային պարերի պարուսույց Արմեն Մկրտչյանի խոսքով, թեև ավանդական ու սպորտային պարերը տարբեր բևեռներ են, բայց փորձում են լատինամերիյան պարերի մեջ մտցնել հայկական մոտիվներ, ինչը ողջունելի է: Ի տարբերություն Գ. Գինոսյանի, Ա. Մկրտչյանը նշեց, որ հեռուսաստեսությամբ պրոպագանդվում է պարը: «Բայց ոչ ավանդական հայկական պարերը»,- կրկնեց «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավարը: