Գագիկ Մինասյան.«Երևանցիները դրական են գնահատում Տարոն Մարգարյանի աշխատանքը»
«Սա արդեն երրորդ ընտրություններն են, որ անցկացվում են այս վերջին շրջանում և այսօր քաղաքական մթնոլորտը տրամադրող է ավագանու ընտրությունների անցկացման համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
Նա նշեց, որ եղել են մի քանի տհաճ միջադեպեր նախընտրական շրջանում, որոնց առիթով այս պահին հետաքննություն է ընթանում:
«Մեր բոլորի ջանքերի շնորհիվ՝թե իշխանության և թե ընդդիմության, Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը անցնում է հանդարտ մթնոլորտում»,-ասաց Գ. Մինասյանը:
Նրա խոսքերով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են հայաստանյան հիմնական քաղաքական ուժերը և այս ընտրությունները տեղի են ունենալու մրցակցության պայմաններում, ինչը շատ կարևոր է:
«ՀՀԿ-ն իր քարոզարշավը կառուցելու է վերջին 4 տարիների ընթացքում քաղաքապետարանի կատարած աշխատանքների հաշվետվության տեսքով»,-ասաց բանախոսը:
Ըստ նրա, Երևանի բնակիչների մեծամասնությունը դրական է գնահատում քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը և ինքը կարծում է, որ երևանցիները իրենց վստահության քվեն կրկին կտան իրենց թիմին և իրենց թեկնածուին:
«Մեր թիմը չի թուլացնելու քարոզարշավը, իսկ վերջնական գնահատականը մեր կատարած աշխատանքներին կտան մեր քաղաքացիները»,-նշեց նա:
«ԲՀԿ-ն այս 4 տարիների ընթացքում ներկայացված է եղել ավագանիում և կողմ է քվեարկել բոլոր բյուջեներին, օրինագծերին ու նրանք աջակցել են ավագանիում մեծամասնություն կազմող քաղաքական ուժին»,-ասաց Գ. Մինասյանը:
Նրա խոսքերով, այս պարագայում դժվար է խոսել այդ կուսակցության գործի և խոսքի համապատասխանատության մասին:
Գ. Մինասյանը անդրադառնալով «Բարև» դաշինքի նախընտրական քարոզարշավին նշեց, որ այդ ուժը պետք է հաշվի առնի, որ այս ընտրություններին մասնակցում են տարբեր քաղաքական ուժեր, ինչը կարող է ազդել քաղաքական ուժերի արձանագրած արդյունքների վրա: