Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի շուրջ կոնսենսուսը տապալվեց. Քննարկումը հետաձգվել է
Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկումն ու ընդունումը հետաձգվեց և տեղափոխվեց հաջորդ քառօրյա: Այսօր նման փոխհամաձայնեցված որոշում կայացվեց ԱԺ նիստի ժամանակ: Նախագծի քննարկումը հետաձգելու խնդրանքով նախագծի հեղինակ ՀԱԿ խմբակցությանն ու մասնավորապես, Գագիկ Ջհանգիրյանին դիմեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Մենք պարոն Ջհանգիրյանի հետ քննարկել ենք երեկ, նաև այսօր առավոտյան, որոշ հարցեր կան, ես կարծում եմ դեռ քննարկման հարցեր ունենք, մինչև դրանք բոլորի կողմից ընդունելի լինեն, խնդրում եմ հետձգենք հաջորդ քառօրյա, որպեսզի կարողանանք վերջնական տարբերակ ունենալ»,- դիմելով ԱԺ նախագահությանն ու ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանին հայտարարեց Գալուստ Սահամյանը:
Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում հայտարարեց, որ Հանրապետական խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունների մեծ մասը խմբագրական բնույթի են, որոնց մասով իրենք որևէ առարկություն չունեն: Նկատենք, որ նախագծով նշվում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պետք է կարողանան Ժամանակավոր հանձնաժողովի նիստերին անդամների հարցերին պատասխանել: Այս դրույթի դեմ Հանրապետական խմբակցությունը առարկություն ուներ` նշելով, որ խորհրդարանը չի կարող լծակներ գործադրել գործադիրի անդամների վրա: Սակայն որոշման նախագծի հիմնական հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը դեմ է խորհրդարանական մեծամասնությանը: Նա համաձայնեց, որ նախագծի քննարկումը հետաձգվի և մինչև հաջորդ քառօրյա վերջնական տարբերակի շուրջ վերջնական կոնսենսուսի գան:
Նշենք, որ այս հարցի քննարկումից առաջ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ կլինեն այն տարբերակին, որին կհամաձայնի ՀԱԿ խմբակցությունը: