Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների առումով իրավիճակը հանգիստ է
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում համաճարակային իրավիճակը գրիպի և սուր շնչառական վարակների առումով հանգիստ է: Նրա խոսքերով՝ հիվանդների թիվը կտրուկ նվազել է, ինչը հիմք է հանդիսացել, որպեսզի դադարեցվի մոնիթորինգը դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում: Մշտադիտարկումն էլ, ըստ նրա, արդեն իրականացնում են ոչ թե օրական, այլև` շաբաթական կտրվածքով:
Լ.Թորոսյանը նշեց, որ հանրապետությունում նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների 4000 դեպք, ինչը նորմայի սահմաններում է: «Շաբաթական դիտարկման արդյունքների՝ շնչառական բնույթի հիվանդացությունները թիվը բավական նվազել է: Դրան նպաստել են նաև եղանակային պայմանները»,- ընդգծեց Լ.Թորոսյանը:
Անդրադառնալով գրիպի A ենթատեսակ համարվող H7N9 վարակին, որը բռնկվել է Չինաստանում, նա նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ապրիլի 25-ի դրությամբ Չինաստանում 109 լաբորատոր հաստատված հիվանդ կա, որոնցից 22-ը` մահվան ելքով: «Մահվան հիմնական պատճառը ծանր, անսովոր բարդացած կլինիկական պատկերով թոքաբորբերն են: Գրիպի այս ենթատեսակը բնորոշ է թռչուններին, բայց այս հարուցիչը թռչնային պատնեշը հաղթահարելով սկսվել է արձանագրվել նաև մարդկանց մոտ, իսկ մարդու օրգանիզմն էլ ծանոթ չէ նոր հարուցիչին»,- ասաց Լ.Թորոսյանը՝ հավելելով, որ մարդուց մարդ վարակման դեպքեր դեռ բացահայտված չեն, սակայն կա նման մտավախություն:
Նա նշեց, որ գրիպի H7 N9 ենթատեսակով վարակի դեպք մեր հանրապետությունում չկա: Ըստ Լ.Թորոսյանի՝ սահմանային անցակետերում էլ որևէ սահմանափակող միջոցառում չի իրականացվում:
Նա հայտնեց, որ գրիպի այդ ենթատեսակի աշխատանիշներն են հազը, հարբուխը, ջերմությունը, ծանր շնչառությունը: Լ.Թորոսյանը խորհուրդ տվեց ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու